08.08.2015
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ Համահայկական խաղերի ավելի քան 4000 մասնակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Պարոն Իշխան Զաքարյանը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն հետ, իսկ վերջում Իշխան Զաքարյանը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
Հայկ Դեմոյանը Իշխան Զաքարյանին հանձնեց իր հեղինակած «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը: