ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ
Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորեց հյուրերին և ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Քարդաշյան քույրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետև նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրեց իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» հատորը և ՀՑԹԻ այլ հրատարակություններ:
Այցի ավարտին Քարդաշյանները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպմանը Քիմ Քարդաշյանը նշել էր, որ Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Նա նաև նշել է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: