08.12.2018
70 տարի առաջ՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: 2015 թ.-ից ի վեր դեկտեմբերի 9-ը հռչակվել է նաև «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օր՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը։ Այդ բանաձևն իր հերթին հիմնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի վրա, որը ևս հեղինակել էր Հայաստանը։
«Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի մասին
1933 թ. Մադրիդում գումարված կոնֆերանսին իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ առաջարկել է ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն: Իր զեկույցում նա առանձնացնում էր նոր տեսակի հանցագործություններ՝ «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին, և «վանդալիզմը»՝ արվեստի և մշակույթի գործերի ոչնչացումը: Լեմկինի առաջարկների ներկայացման համար հիմք էր ծառայել Հայոց ցեղասպանության անարգել իրագործումը: Եթե այն մի անգամ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, պնդում էր երիտասարդ իրավաբանը, կարող է տեղի ունենալ նաև Եվրոպայում: Չնայած որ Լեմկինի նախագիծը բացահայտորեն չմերժվեց, սակայն այն քննարկման հանձնվեց կոնֆերանսի հանձնաժողովներից մեկին և կրկին պաշտոնապես քննարկման չդրվեց: Լեմկինը խորապես հիասթափված էր: Լեմկինի` այս երկու հանցագործությունների վերաբերյալ առաջարկությունը շատ կարևոր պահ էր նրա գիտական գործունեության մեջ, քանի որ այս առաջարկության զարգացումը և արտացոլումը եղավ 10 տարի հետո նրա գրած «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» հիմնարար աշխատության մեջ, որում իրավաբանը տալիս էր «Ցեղասպանություն» (Genocide) հանցագործության նկարագրությունը, որը ստեղծվել է հունական Genos (ռասա, ցեղ) և լատիներեն cide (սպանել) բառերից:
Նյուրնբերգի դատավարությունից հետո Լեմկինն իր ջանքերն ուղղեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթի ստեղծման գործին: 1946 թ. հոկտեմբերին Հնդկաստանը, Կուբան և Պանաման խնդրեցին ցեղասպանության հարցն ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին հանդիպման օրակարգում: Նրանք կոչ էին անում Գլխավոր ասամբլեային դատապարտել ցեղասպանության հանցագործությունը, նույնիսկ եթե դա կատարվում է խաղաղ պայմաններում:
1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում է թիվ 95 (1) բանաձևը, որով հաստատվում էին միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնք ամրագրվել էին Նյուրնբերգի միջազգային դատարանի կանոնադրությամբ: Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվում է նաև թիվ 96 բանաձևը, որի ընդունման համար նիստ էր հրավիրել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը` կազմելու համար միջազգային պայմանագիր, որը կպարտադրի պետություններին կանխել և պատժել ցեղասպանության հանցագործությունը: Բանաձևի համաձայն` Գլխավոր ասամբլեան հաստատում էր, որ ցեղասպանությունը միջազգային իրավական հանցագործություն է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրիգվե Լին խնդրեց Լեմկինին պատրաստել ցեղասպանության կոնվենցիայի նախագիծ: Նախագծի մշակումը Լեմկինի, ֆրանսիացի իրավաբան Դոնադյե դը Վաբրի և ռումինացի իրավական փորձագետ Վեսպասսիան Պելլայի կողմից տեղի ունեցավ 1947 թ. ապրիլ-մայիս ամիսներին:
Լեմկինը տարբերակում էր «ֆիզիկական» ցեղասպանությունը (անձանց սպանությունը), «կենսաբանական» ցեղասպանությունը (ծնունդների կանխարգելումը) և մշակութային ցեղասպանությունը: Մինչդեռ Դոնադյե դը Վաբրը և Վեսպասսիան Պելլան ընդունում էին, որ գոյություն ունի «ֆիզիկական» ցեղասպանություն և «կենսաաբանական» ցեղասպանություն, նրանք վերապահումով էին վերաբերվում «մշակութային» ցեղասպանությանը, և պնդում էին, որ այդ հարցը Գլխավոր ասամբելայի որոշելիքն է: Լեմկինը լոբբինգ արեց պայմանագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Փարիզի նստաշրջանում, սակայն հանդիպեց խոչընդոտների: Զգալի առարկություններ եղան նախագծի` մշակութային ցեղասպանությանը վերաբերող հոդվածի վերաբերյալ: Մշակութային ցեղասպանության մասին դրույթը ՄԱԿ-ի ներկայացուցիչների մեծ մասը բավարար չհամարեցին, նրանք այն մտայնությունն ունեին, թե գրադարանների փակումը հավասարեցվում է զանգվածային սպանությունների հետ: Մշակութային ցեղասպանությունն ի վերջո հանվեց կոնվենցիայի վերջնական տարբերակից:
1947 թ. հունիսի 26-ին Լեմկինը և իր գործընկերները ներկայացրին «քարտուղարության նախագիծը» (Secretariat Draft) (ՄԱԿ-ի փաստաթուղթ E/447)` որպես ցեղասպանության կոնվենցիայի առաջին նախագիծ: «Քարտուղարության նախագիծը» լրամշակվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի ad hoc հանձնաժողովի կողմից, որում ներկայացված էին պետությունների ներկայացուցիչները: 1948 թ. գարնանը Տնտեսական և սոցիալական խորհուրդը սկսեց վերաձևակերպումներ անել Ցեղասպանության կոնվենցիայում և այդ խնդրի իրականացման համար հրավիրեց 7 պատվիրակություններից կազմված հանձնաժողով, Լեմկինը չընդգրկվեց հանձնաժողովի կազմում, քանի որ նա ոչ պաշտոնական պատվիրակ էր:
Սառը պատերազմի մեջ ներքաշված ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առկա հակասությունների արդյունքում որոշակի կարևոր դրույթներ դուրս մղվեցին կոնվենցիայի վերջնական տեքստից և ի վերջո վերաձևակերպված նախագիծը 1948 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
«Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի տեքստն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ-ի դեկտեմբերի 9-ին: Տվյալ կոնվենցիայի հիմնական նպատակն էր հաստատել այն փաստը, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի համաձայն համարվում է հանցագործություն: Կոնվենցիայում տրվում էր ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված սահմանումը, որը ներառվեց շատ երկրների ազգային քրեական օրենսդրությունների մեջ:
Փաստաթղթի 2-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ ցեղասպանությունը նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. ա) այդ խմբի անդամների սպանությունը, բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին: Ընդ որում բավարար է վերը նշվածներից անգամ մեկ գործողության առկայությունը, և կարելի է պնդել ցեղասպանության իրագործման մասին:
Նշենք, որ կոնվենցիայում տեղ գտած ցեղասպանության` որպես միջազգային հանցագործության բոլոր բաղադրիչները համընկնում են այն գործողությունների հետ, որոնք իրականացվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ: Այս իմաստով կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված ցեղասպանության իրագործման համար հիմք հանդիսացող նշված բոլոր 5 գործողությունները առկա էին Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ` այդ թվում նաև «երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին», որը չի եղել հրեաների Հոլոքոստի ժամանակ:
Լեմկինը կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը կարևորում էր Հայոց ցեղասպանության օրինակով հանցագործների անպատիժ թողնելու հնարավորությունը բացառելու տեսանկյունից: Ըստ նրա` կոնվենցիայի բացակայությունն էր պատճառը, որ թուրք ոճրագործները կարողացան խույս տալ պատժից, իսկ նրանց պատժելու գործը իրականացրին հայ երիտասարդ վրիժառուները:
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951 թ. հունվարի 12-ին: Այս կապակցությամբ իր հայտարարության մեջ Լեմկինը չի կարողանում թաքցնել հուզմունքը` նշելով, որ դա հաղթանակի օր է մարդկության համար և ամենագեղեցիկ օրն իր կյանքում:
Տեղեկացնենք նաև, որ 2010 թ.-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի ջանքերով հիմնվեց Ռաֆայել Լեմկինի անվան դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել արտասահմանցի ուսանողներին ու գիտնականներին Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով վերապատրաստվելու, անհրաժեշտ նյութեր հավաքելու՝ Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Ռաֆայել Լեմկին
(1900-1959)
Ցեղասպանության հանցագործության մասին կոնվեցիայի սևագիր տարբերակը
Ռաֆայել Լեմկինը` 1948 թ. դեկտեմբերին Փարիզից ուղարկված հեռագրում,
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կոմիտեի անդամ տիկին Սփորբերգին խնդրում է ազդել
Ցեղասպանության հանցագործության մասին կոնվեցիայի լսումներին մասնակցող ԱՄՆ պատվիրակության անդամների վրա այն ընդունելու համար:
Մինչև ամենավերջին րոպեն ոչ մի ջանք չի խնայել Ցեղասպանության կոնվենցիան կյանքի կոչելու և
բնաջնջման հետևանքով տրավմայի ենթարկված սերունդների հույսերի իրականացման համար:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նույնականացման քարտ, 1948 թ.
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նիստը, 9-ը դեկտեմբերի, 2018 թ.
Ցեղասպանության կոնվեցիայի ընդունման մասին հեռագիր՝ ուղղված Ռաֆայել Լեմկինին, 9-ը դեկտեմբերի, 2018 թ.
Չորս պետությունների ներկայացուցիչներ, ովքեր 1950 թ. հոկտեմբերի 14-ին վավերացրել են Ցեղասպանության Կոնվենցիան.
(նստածները ձախից աջ ) դոկ. Յոհն Փ. Չանգ (Կորեա), դոկ. Ջեն Փրայս-Մարս (Հայիթի), Վեհաժողովի Նախագահ դեսպ. Նասրոլլահ Ենտեզամ (Իրան), դեսպ. Ջեան Չաուվել (Ֆրանսիա), պր. Ռուբեն Էսքիվել դե լա Գարդիա (Կոստա Րիկա),
ձախից աջ կանգնածներ` դոկ. Իվան Կերնո (Իրավական Գործերի Գլխավոր Քարտուղարի ասիստ.), պր. Թրայվե Լի (ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար), պր. Մանուել Ա. Ֆորներ Ակունա (Կոստա Րիկա) և դոկտ. Ռաֆաել Լեմկին (Ցեղասպանության Կոնվենցիայի հեղինակ):
Լայք Սքսես, Նյու Յորք, 14 հոկտեմբերի, 1950:
Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նյու Յորք, 11-ը սեպտեմբերի, 2015թ.