08.12.2021
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում դեկտեմբերի 2-ին իր մահկանացուն է կնքել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար շուրջ երկու տասնամյակ ակտիվ պայքար մղած թուրք մտավորական Ալի Էրթեմը, որը նաև հենց այդ նպատակով ստեղծված «Միություն ընդդեմ ցեղասպանության» (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր։
Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թ. և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Նա գրեթե ամեն տարի ապրիլի 24-ին այցելում էր Երևան՝ միության անդամների անունից ծաղկեպսակ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Վերջին անգամ իր զավակների հետ միասին Հայաստան էր եկել 2019 թվականին:
Անկարայում ծնված, սակայն 50 տարուց ավել Գերմանիայում բնակություն հաստատած Ալի Էրթեմը, որը մասնագիտությամբ ինժեներ էր, այն խիստ սակավաթիվ թուրք գործիչներից էր, որ խոսում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլ նաև՝ հատուցման անհրաժեշտության մասին:
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ալի Էրթեմի գլխավորությամբ Հայաստան ժամանած մի խումբ թուրք հասարարակական գործիչներ եղել են նաև Արցախում՝ մասնակցելով Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությանը:
Նա նաև արձագանքել էր Արցախյան վերջին պատերազմին՝ մասնավորապես նշելով․
«Անմիջապես կանգնեցրեք այն հարձակողական պատերազմը, որ վարում են Ցեղասպանության հանցագործ թուրքական պետությունը և վերջինիս հանցակից՝ ֆաշիստական Ադրբեջանի օլիգարխիան, և որը թիրախավորել է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությունը»։
Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Ալի Էրթեմի ընտանիքի անդամներին, հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Ալի Էրթեմը Եռաբլուր զինվորական պանթեոնում, Զորավար Անդրանիկի գերեզմանին
Ալի Էրթեմը զավակների հետի միասին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 2019 թ.