09.02.2016
Փետրվարի 9-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տիկին նախարարը շվեդական պատվիրակության հետ եղավ հավերժական կրակի մոտ: Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նախարար Վալստրյոմին ուղեկցեց բազալտե սրբատաշ քարերով շարված Հուշապատի մոտ: Պատի մի կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն, Յակոբ Կյունցլերը, Ալմա Յոհանսոնը, Մարիա Յակոբսենը, Կլարա Բարտոնը, Բոդիլ Բյորնը: Սուրեն Մանուկյանը Շվեդիայի արտգործնախարարին ծանոթացրեց իր հայրենակցուհու՝ Ալմա Յոհանսոնի պատմությանը: Միսիոներուհի Ալմա Յոհանսոնին Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ որբեր պարզապես «մայրիկ» էին անվանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ փոխտնօրենը տիկին Մարգոտ Վալստրյոմին նվիրեց «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» պատկերագիրքը: