09.07.2015
Հուլիսի 8-ին, երեկոյան ժամը 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը:
Այս տարի համաժողովը կրում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը: Միջազգային գիտաժողովի կազմակերպումը Երևանում անց է կացնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Միջոցառումը պատվեց և ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը.
«Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն»:
Ներկաներին ողջունեց նաև ՀՑԹԻ տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը.
«Համաժողովի բացումը Երևանում ունի խորհրդանշական իմաստ, քանի որ աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների անցկացումը մեկ անգամ ևս բոլորին ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն հայերիս պատուհասած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարմարտերի սարսափները, Հոլոքստն ու Ռուանդան և այլն»:
Հանդես եկան Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ դոկտոր Դանիել Ֆայրշտեյնը և գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոնա-Լի Ֆրիզը:
«Նախկինում ցեղասպանագիտությունը կենտրոնանում էր միայն Հոլոքոստի վրա և այն ներկայացվում որպես բացառիկ երեույթ, որն իրավունք ունի կոչվելու ցեղասպանություն: Սակայն եղան գիտանականներ, ովքեր ուսումնասիրեցին հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը, և ստեղծվեց դաշտ, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել այլ դեպքեր, հաշվի առնել տարբեր երկրներում ապրող ժողովուրդների տառապանքի փորձը»,- նշեց Դանիել Ֆայրշտեյնը:
Տեղի ունեցավ նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր Գործադիր խորհրդի ընտրության արդյունքների հրապարակում, ընկերակցության նոր նախագահ ընտրվեց Էնդրյու Վուլֆերտը:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նորընտիր նախագահ Էնդրյու Վուլֆերտը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար՝ հույս հայտնելով, որ կարդարացնի նրանց սպասելիքներն, ովքեր քվեարկել են իր օգտին: Նա շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան¬-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին և փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին՝ գիտաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
«Ես հիացած եմ այն կազմակերպչական աշխատանքով, որ նրանք իրականացրել են: Կարծում եմ, որ կարող ենք մի օր առաջարկել, որպեսզի նրանք դառնան Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, քանի որ հրաշալի կազմակերպչական ունակություններ ունեն: Ես հիացած եմ նաև հայ ժողովրդի տոկունությամբ և հյուրընկալությամբ: Ընդհանրապես՝ Հայաստանը միշտ եղել է շատ հաճելի միջավայր գիտնակաների համար, որտեղ միշտ գերիշխել է փոխըբռնման և գիտության ոգին»,¬ -նշեց Էնդրյու Վուլֆերտը:
Հիմնական և բովանդակալից ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. Կանխարգելում, հիշողություն, երախտագիտություն և վերածնունդ» խորագիրը կրող ելույթով:
Տեղի ունեցավ նաև ակտիվ և կառուցողական քննարկում, ներկաներն իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանին:
Համաժողովի հանդիսավոր բացումն ամփոփեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին մասնակցության համար և ներկայացրեց երևանյան համաժողովի տարբերանշան և խորհրդանշան հանդիսացող լուսանկարի պատմությունը: