«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը խորը ցավով տեղեկացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի (Arman Kirakossian) անժամանակ մահվան մասին: Այսօր՝ հուլիսի 9-ին մեկնարկած «Ամառային դպրոց ուսուցիչների համար» միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արման Կիրակոսյանի:
Հայոց նորագույն ժամանակաշրջանի լավագույն դիվանագետներից պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը նաև եզակի պատմաբան, ցեղասպանագետ էր, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ 1992 թ. սկսած Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական դպրոցի կայացմանը ծառայելուն զուգընթաց նա մեծ ներդրում է ունեցել նաև Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման, հանրայնացման, նրա միջազգային ճանաչման գործում:
Պարոն Կիրակոսյանը երկար տարիներ եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, մշտապես աջակցել է ինչպես ՀՑԹԻ երիտասարդ գիտաշխատողներին, այնպես էլ նպաստել է ՀՑԹԻ գործունեությանը՝ արտերկրում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, հանդիպում-քննարկումներ տարբեր երկրների լսարանների հետ և այլն:
Նա մեծ պատրաստակամությամբ մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջոցառումներին՝ միջազգային գիտաժողովներ, գրքի շնորհանդեսներ, հուշ-երեկույթներ և այլն:
ՀՑԹԻ աշխատակիցների, մասնավորապես գիտաշխատողների համար նրա գիտական աշխատանքները, հրապարակումները, հարցազրույցները դարձել են ուղեցույց, նոր գիտական ուսումնասիրությունների հիմնաքար:
Արման Կիրակոսյանը մշտապես անդրադառնում էր 20-րդ դարում իրագործված բազմաթիվ ցեղասպանություններին և մարդկության դեմ կատարված ոճրագործություններին՝ առանձնահատուկ շեշտելով նաև մեր օրերին ազգային ու կրոնական պատկանելիության հողի վրա իրականացվող հանցագործությունները։
Նա հատուկ ընդգծում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցների իրավահաջորդներ հանդիսացող այդ երկրների կողմից սեփական պատմությանն առերեսվելու կարևորությանը:
Դիվանագետ-պատմաբանը կարևորում էր ցեղասպանագիտական կրթությունն ու միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը՝ կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնությունն ապագայում:
Արման Կիրակոսյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար 2015 թ. ՀՑԹԻ տնօրինության կողմից պարգևատրվել է «Հենրի Մորգենթաու» ոսկե հուշամեդալով:
ՀՑԹԻ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում պարոն Կիրակոսյանի ընտանիքին, ընկերներին և համախոհներին:
Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ