09.10.2014
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հյուրընկալեց Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչ պարոն Ժան Իվ Կամյուին:
Ժան Իվ Կամյուն Երևան է ժամանել ծանոթանալու համար հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք ցուցադրության ցուցանմուշների հետ, որոնք ներկայացվելու են Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահներում:
Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը` պարոն Ժան Իվ Կամյուն, և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը քննարկեցին համատեղ ցուցադրության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Ժան Իվ Կամյուն նշեց, որ «Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն և նրա իրավահաջորդը` Աննա Իդալգոն, որոշում են կայացրել, որ Փարիզի քաղաքապետարանը կհյուրընկալի Հայոց ցեղասպանության պատմությանն ու հիշողությանը նվիրված ցուցադրություն: Ցուցադրությունը կբացվի 2015 թվականի ապրիլին: Ցուցադրությունը կընդգրկի ցուցանմուշներ և փաստաթղթեր, որոնք կտրամադրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իրականացվում է սերտ համագործակցություն թանգարան-ինստիտուտի հետ»:
ՀՑԹԻ տնօրենը Հայկ Դեմոյանը խիստ կարևորեց նման ցուցադրության կազմակերպումը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աշխատանք է տարել այս ցուցադրության նախապատրաստման ուղղությամբ և իր պատրաստակամությունն է հայտնել բացառիկ ցուցանմուշներ տրամադրելու և ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
«Այս ցուցադրությունը բացառիկ է լինելու և՛ մասշտաբներով, և՛ ներկայացուցչությամբ: Այն կապված է լինելու Հայոց ցեղասպանության, Առաջին աշխարհամարտի, և, իհարկե, հայ-ֆրանսիական հիշողության ու պատմության հետ»,- մատնանշեց Հայկ Դեմոյանը:
Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
Տեղեկացնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդում միաձայն ընդունվելէ 2015 թվականին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: