09.11.2016
Ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն, 2016 թվականի ՀՀ Նախագահի մրցանակակիր Լուի Պուզենին, նրա կինը՝ Շանթալ Լեբրյումանին, Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն այցլելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Պարոն Պուզենին և կինը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցեղասպանության պատմության մանրամասներին: Ֆրանսիացի գիտնականը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
Այնուհետև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրման 20 ամյակին նվիրված փոստային բացիկի մարում: Ի դեպ բացիկները տպագրվել են ապրիլի 24-ին հավաքված և վերամշակված ծաղիկներից պատրաստված թղթի վրա:
Հյուրերը շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լուի Պուզենին տնկեց անվանական արծաթափայլ եղևնի: