Գիտաժողովի խորագիր` Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում
Գիտաժողովի անցկացման ժամանակը` 20-22 ապրիլի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների մասին դասավանդելը դժվար է և՛ հոգևոր, և՛ մտավոր առումներով: Թեև այդ աշխատանքը բարդ է, դրա կարևորությունն աճել է 21-րդ դարում, քանի որ ցեղասպանության ուսուցումն այդ հանցագործության կանխարգելման կարևոր միջոցներից է:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության իրագործումից անցել է մեկ դար և ոճրագործ պետության իրավահաջորդը պատասխանատվության դեռևս չի ենթարկվել, իսկ ցեղասպանությունը վերապրածները՝ որպես հանցագործության վկաներ, կյանքից հեռանալով թուլացրել են ցեղասպանության մասին հավաքական հիշողությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության դասավանդման համընդունելի մեթոդաբանություն մինչ այժմ մշակված չէ, ՀՑԹԻ-ն նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայկական սփյուռքի համար Հայոց ցեղասպանության դասավանդման արդյունավետ համակարգի ձևավորման, ինչպես նաև ցեղասպանության դասավանդման մեջ ներգրավված միջազգային հաստատությունների համար համապատասխան նյութերի և գործիքների մշակման գործընթացը:
Հաշվի առնելով նաև ցեղասպանության դասավանդման մարտահրավերները, Հայոց ցեղասպանության պետական շարունակական ժխտումը, Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան, աճող հակահայկակական տրամադրությունները, ազգայնամոլությունը, ինչպես նաև աշխարհում ծայրահեղական հոսանքների աճը և ընդունելով այն կարևոր դերը, որ կրթությունը կարող է խաղալ ատելության ու բռնության քարոզի չեզոքացման մեջ, ՀՑԹԻ-ն որպես գիտաժողովի նպատակ հայտարարում է ցեղասպանության դասավանդման մեթոդաբանական հիմքերի մշակումը՝ Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հատուկ շեշտադրմամբ:
Գիտաժողովը, որն իր ուղղվածությամբ աննախադեպ է Հայաստանում, կդառնա հարթակ ուսուցիչների, դասախոսների, մանկավարժների, ցեղասպանագետների և իրավապաշտպանների համար՝ իրենց փորձը կիսելու և ցեղասպանության դասավանդման ոլորտում համապատասխան գործիքներ առաջարկելու համար:
Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումների թեմաները պետք է վերաբերեն, սակայն չսահմանափակվեն հետևյալով.
• Ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանություն (տարրական, միջնակարգ, ավագ դպրոցներ),
• Ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանություն բուհերում,
• Ցեղասպանության կրթության առանձնահատկությունները Հայաստանում և արտերկրում,
• Ցեղասպանության կրթության էթիկական և բարոյական կողմերը,
• Ցեղասպանության համատեքստում հատուկ թեմաների ընտրության և ուսուցման տրամաբանությունը (ինքնապաշտպանություն, անհատական դիմադրություն, մարդասիրություն, սեռական բռնություններ, այլ),
• Հանցագործ վարչակարգերի և գաղափարախոսությունների մասին դասավանդում,
• Անհատ ոճրագործների/փրկողների մասին դասավանդում,
• Հիշողություն և պետական քաղաքականություն,
• Հիշողություն, հասարակություն և տրավմա,
• Ցեղասպանության դասավանդում անհատական պատմությունների միջոցով,
• Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և ցեղասպանության կրթություն,
• Ապրումակցման ուսուցում երիտասարդ սերնդին:
Հավանական մասնակիցներին հրավիրում ենք բարձրացնել այն հարցերը, որոնց նրանք բախվում են տարբեր երկրներում կոնկրետ ցեղասպանության մասին դասավանդելիս` քննարկումների արդյունքում ընդհանուր լուծումներ առաջ քաշելու հույսով:
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է առանձնացնել մի շարք նկատառումներ ինչպես մանկավարժների, այնպես էլ քաղաքական գործիչների համար` օգնելու ցեղասպանության հետ կապված հարցերը ներառել պետական կրթական համակարգում և ուսումնական ծրագրերում:
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին հրավիրում ենք ուղարկել իրենց զեկույցի վերնագիրը, ամփոփումը (200-250 բառ) և կարճ ինքնակենսագրականը մինչև 2022 թ. հունվարի 30-ը
genocide-education@genocide-museum.am հասցեին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են: