09.12.2022
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: 2015 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։
Պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց այլ ցեղասպանությունների: Լեհաստանի վրա հարձակվելու նախօրյակին՝ 1939 թ. օգոստոսի 22-ին, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն Օբերզալցբերգում (Բավարիա, Գերմանիա) սպաների առաջ ելույթ ունենալիս հայտարարում է.
«Ես հրաման եմ արձակել առ այն, որ մեր պատերազմի նպատակը որոշակի տարածքներ նվաճելը չէ, այլ թշնամու ֆիզիկական ոչնչացումը. և կհրամայեմ վերացնել ցանկացածին, ով կհամարձակվի թեկուզ մեկ քննադատական խոսք ասել: Ուստի ես ռազմական պատրաստականության եմ կոչել իմ մահվան ջոկատներին առայժմ միայն արևելքում՝ հրամայելով անխտիր և առանց գթալու մահվան ուղարկել լեհական ծագման բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին կամ այդ լեզվով խոսողներին: Միայն այսկերպ մենք ձեռք կբերենք այն կենսական տարածքը [գերմ.՝ Lebensraum], որի կարիքն ունենք: Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվեց նոր՝ «Բախտակից ժողովուրդներ. հույների և ասորիների ցեղասպանությունները» և ««Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…». XX-XXI դարերի ցեղասպանությունները» խորագրերով, որոնց ներքո ներկայացված է Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական ցեղասպանական քաղաքականությանը զոհ դարձած ազգային այլ փոքրամասնությունների՝ օսմանահպատակ հույների, ասորիների և XX-XXI դդ. ընթացքում իրագործված այլ ցեղասպանությունների՝ Հրեից հոլոքոստ, Կամբոջայի, Ռուանդայում թութսիների, Իրաքում և Սիրիայում եզդիների և այլ ժողովուրդների պատմությունները:
Փաստորեն, 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմամբ հնարավոր չեղավ կանխարգելել հետագա նմանատիպ ոճիրները:
Հիշեցնենք, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի գաղափարի հեղինակը իրավաբան Ռաֆայել Լեմկինն էր, որը 1933 թ. Մադրիդում գումարված կոնֆերանսում առաջին անգամ առաջարկեց ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն:
1948 թ․ ընդունվելուց հետո «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951 թ. հունվարի 12-ին, սակայն չնայած կոնվենցիայի կիրարկմանը, ցեղասպանությունների իրագործումը այդպիսով չդադարեց և ցեղասպանության հանցագործության դեմ պայքարը և պայքարի մեխանիզմների կատարելագործումն այսօր էլ մնում է արդիական։