01.04.2022
Ս. թ. մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում (փետրվարի 28- ապրիլ 1) կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
Բանաձևում, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշվում են այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:
Այս տարի Բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը:
Բանաձևում առաջարկ է արվում ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 75-ամյակին, որը տեղի կունենա հաջորդ տարի: