11.11.2022
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեմա՝ Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը. ականատես վերապրողների վկայություններ
Դպրոց՝ Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Նոյեմբերի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը:
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանն աշակերտներին ներկայացրեց «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը. ականատես վերապրողների վկայություններ» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց 1922 թ. աշնանը Հայոց և Հունաց ցեղասպանությունների վերջին փուլի՝ Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կոտորածներին, հայկական ու հունական թաղամասերի կանխամտածված հրկիզմանը: Բանախոսը շեշտեց, որ Զմյուռնիայի աղետը թուրքական իշխանությունների ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր:
Դասախոսության ժամանակ Թեհմինե Մարտոյանն աշակերտներին պատմեց նաև Նուբարաշեն վարչական շրջանի հիմնադրման պատմությունը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին համայնքի հիմնադրման գործում Պողոս Նուբարի գործուն մասնակցության մասին: Նրանցից շատերն արդեն գիտեին, որ Նուբարաշենի առաջին բնակիչները Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներն էին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: