11.04.2023
Բանախոս՝ Հարություն Մարության, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ.
Թեմա՝ «Տեր-Զոր… Սումգայիթ… Ատոմակայան… Նաիրիտ». «Ցեղասպանություն» հասկացության ընդլայնումը Ղարաբաղյան շարժման տարիներին (1988-1990)
Դպրոց՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան
Ապրիլի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի «Տեր-Զոր… Սումգայիթ… Ատոմակայան… Նաիրիտ». «Ցեղասպանություն» հասկացության ընդլայնումը Ղարաբաղյան շարժման տարիներին (1988-1990)» վերնագրով դասախոսությունը:
Հարություն Մարությանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1988-1990 թթ., հատկապես սումգայիթյան կոտորածներից հետո, ցեղասպանություն հասկացության իմաստային ընդլայմանը: Այդ ժամանակ հայ ժողովրդի գոյությանը սպառնացող կամ որպես այդպիսին ընկալվող ցանկացած վտանգ դիտվում և գնահատվում էր ցեղասպանության լույսի ներքո: Մասնավորապես հայկական ատոմակայանը և «Նաիրիտ» գիտարտադրականն միավորումը դիտվում էին Երևանի բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող իրական վտանգի աղբյուրներ: Բանախոսը աշակերտներին ներկայացրեց 1988-90 թթ. մի քանի ցուցապաստառներ, որոնցում արտացոլված էր ժողովրդական ընկալման մեջ Հայոց ցեղասպանության և Սումգայիթի, ատոմակայանի ու Նաիրիտի միջև կապը: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: