10.05.2023
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քոլեջ
Մայիսի 10-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քոլեջի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ Անահիտ Ասլանյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: