14.09.2023
Իտալիայի նախկին վարչապետ (1996-1998, 2006-2008), Եվրահանձնաժողովի նախկին նախագահ (1999-2004) Ռոմանո Պրոդին սեպտեմբերի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ռոմանո Պրոդին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Այցի ավարտին պարոն Ռոմանո Պրոդին Հիշողության պուրակում ջրեց 2004 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: