14.12.2024
Արցախյան շարժման սկզբնավորումից հետո Խորհրդային Ադրբեջանում բնակվող հայ բնակչության նկատմամբ սկսվեց էթնիկ հիմքով պայմանավորված հետապնդումների և հալածանքների նոր ալիք: 1988 թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության ջարդեր, որոնք Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունների շղթայի առաջին գործողությունն էին: Դրանք սկիզբ դրեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության զանգվածային բռնագաղթին: Սումգայիթյան ջարդերը խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից ներկայացվեցին որպես «խուլիգանական գործողություններ», ջարդերի կազմակերպիչները չբացահայտվեցին և չդատապարտվեցին: Սումգայիթյան ջարդերի համապատասխան իրավական և քաղաքական գնահատականների բացակայությունը հանգեցրեց Ադրբեջանում հայատյացության հետագա ծավալմանը և հայ բնակչության նոր ջարդերին:
Հայատյացության հերթական ալիքը Խորհրդային Ադրբեջանում բարձրացավ 1988 թ. աշնանը: 1988 թ. նոյեմբերի 18-ին հրապարակվեց Սումգայիթի ջարդարարներից Ահմեդ Ահմեդովի վերաբերյալ ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատավճիռը վերջինիս մահապատժի ենթարկելու մասին: Այս որոշմանը հաջորդեցին հակահայկական հանրահավաքներ Ադրբեջանի գրեթե բոլոր հայաբնակ շրջաններում: Հայատյացության ալիքը իր բարձրակետին հասավ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ՝ Կիրովաբադ քաղաքում։ 1988 թ․նոյեմբերի 21-ին քաղաքի Լենինի անվան հրապարակում հնչում էին «Մահ հայերին» և «Հեռացե´ք, հայեր» կոչերը։ Հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Կիրովաբադի հայկական թաղամաս: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ իրականացվել են հայ բնակչության ջարդեր, սակայն քաղաքի Կարմիր գյուղի հատվածում հայերը դիմադրություն ցույց տվեցին և ջարդարարները նահանջեցին։ Հաջորդող օրերին ջարդարարները իրականացնում էին քաղաքի հայ բնակչության «որս»` գտնելու և սպանելու ազգությամբ հայերի, ավերելու նրանց բնակարանները: Հայ բնակչությունը ձևավորում է նախաձեռնող խումբ` քաղաքի հայկական հատվածը պաշտպանելու, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, քաղաքի ադրբեջանական հատվածից փախած հայերին և վիրավորներին աջակցություն ցուցաբերելու համար: Ինքնապաշպանության շնորհիվ քաղաքի հայ բնակչության գերակշիռ մասը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից` հնարավորություն ստանալով տեղափոխվել Հայաստան:
Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Կիրովաբադի ջարդերի զոհերի և վիրավորների վերաբերյալ հստակ թվաքանակ հայտնի չէ: Որոշ (այդ թվում՝ միջազգային) աղբյուրներ նշել են 130 սպանված հայերի մասին։ Ականատեսների վկայությունների համաձայն ջարդերի ընթացքում հանցագործներից շատերը ունեցել են հայերի ցուցակներ` բնակության հստակ հասցեներով: Կիրովաբադի ջարդերին հաջորդեց քաղաքի և դրա հարակից բնակավայրերի հայաթափումը, ինչպես նաև Ադրբեջանի մի շարք այլ հայաբնակ շրջաններից հայ բնակչության մեծածավալ արտագաղթը:
Լուսանկարները՝ KarabakhRecords կայքի:
Գայանե Հովհաննիսյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող