17.05.2023
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ
Դպրոց՝ Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց, 10, 11, 12-րդ դասարաններ
Մայիսի 17-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանության հիմնական դերակատարները՝ ոճրագործներ, անտարբերներ և փրկողներ/զոհեր, համագործակցողներ և դիմադրողներ» վերնագրով դասախոսությունը:
Սուրեն Մանուկյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ շեշտը դնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը իրականացնողների հիերարխիան ներկայացնելուն: Աշակերտների հետ քննարկումների միջոցով ցույց տրվեց հիմնական որոշում կայացնողների՝ Օսմանյան պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի, տեղական կազմակերպիչների՝ վալիների, մութասարիֆների, տեղական ոստիկանապետերի, ժանդարմերիայի ղեկավարության, կրոնական առաջնորդների և «շարքային» մարդասպանների միջև եղած կապերն ու փոխազդեցությունները: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: