18.10.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար տիկին Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Նորվեգիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀ-ում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենի (նստավայրը Թբիլիսի) և ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լուսինե Աբրահամյանը Նորվեգիայից ժամանած հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին նորվեգացի բևեռախույզ, քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեության մասին:
Նորվեգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Աննիկեն Հյուիթֆիլդը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին հյուրերը եղան Հիշողության պուրակում, որտեղ տիկին Աննիկեն Հյուիթֆիլդը նկարվեց 2011 թ. Նորվեգիայի ԱԳ նախարար, ներկայումս վարչապետ Յոնաս Գահր Շտյորենի տնկած եղևնու մոտ: