19.01.2023
Ցեղասպանությունը իրադարձություն չէ, այլ՝ գործընթաց։
Ըստ ցեղասպանության հայեցակարգի հեղինակ և մարդու իրավունքների ջատագով Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանություն է թիրախավորված խմբերի ինչպես ֆիզիկական ուղղակի, այնպես էլ անուղղակի ոչնչացումը: Լեմկինը նաև պնդում էր, որ «ցեղասպանությունը պարտադիր կերպով չի ենթադրում ազգային խմբի անհապաղ ոչնչացում, այլ՝ տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի էական հիմքերի խաթարմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնելու այդ խմբերը»։ Այս շրջանակներում Լեմկինը նացիստների աստիճանական «հարձակումները» հրեաների դեմ՝ սննդի բաժիններով բաշխումը, մարդկանց առողջության և կյանքի համար հիմնական կարիքներից զրկելը, վառելափայտի և դեղորայքի տրամադրման արգելքը, առողջությանը վնասող պայմաններում մարդկանց կուտակելը, դիտարկում էր որպես ցեղասպանական գործողություն:
Լեմկինի հայեցակարգն այնուհետև ներառվում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, որի 2-րդ հոդվածում, ի թիվս այլ գործողությունների, ասվում է. «Ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից որևէ մեկը, որը կատարվել է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որպես այդպիսին՝…
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որն ուղղված է նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Այսպիսով, Ցեղասպանության կոնվենցիան սահմանում է, որ ցեղասպանությունը ոչ միայն խմբի ֆիզիկական ոչնչացումն է, այլև այն գործողությունները, որոնք ստեղծում են ֆիզիկական ոչնչացմանը հանգեցնող պայմաններ՝ ներառյալ ֆիզիկական և մտավոր վնասը:
Ոչ անմիջական ցեղասպանություն իրագործելու ուղիներից մեկը ցեղասպանությունն է թիրախավորված խմբին հյուծելու միջոցով: Ըստ ցեղասպանության և մարդու իրավունքների պրոֆեսոր Հելեն Ֆեյնի՝ հյուծման միջոցով ցեղասպանությունը տեղի է ունենում, երբ խումբը զրկվում է քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մարդու իրավունքներից: Դա հանգեցնում է առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ պայմաններից զրկվելուն՝ տվյալ խմբում զանգվածային մահերի պատճառ դառնալով։
Այլ կերպ ասած, հյուծելու միջոցով ցեղասպանությունը խմբի ոչնչացման դանդաղ գործընթաց է։ Պետական կանխամտածված քաղաքականության և գործելակերպի պատճառով՝ թիրախավորված խմբի անհատները զրկվում են մարդու տարրական իրավունքներից, ինչը հանգեցնում է խմբի անհատների դանդաղ մահվանը, ապա՝ ամբողջ խմբի ոչնչացմանը:
21-րդ դարում կյանքի իրավունքն անքակտելիորեն կապված է սննդի և բժշկական օգնության իրավունքի հետ։ Խմբին սննդից, դեղորայքից ու ջեռուցումից միտումնավոր զրկելը՝ որպես նրա դեմ խտրականության դրսևորում, ցեղասպանական գործողություն է, որն ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու նպատակ ունի:
Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Արցախի բնակչությանը զրկելով առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների հասանելիությունից (սնունդ, դեղորայք, վառելիք)՝ Արցախում ապրող 120 000 հայերի դեմ փաստացիորեն գործելով ցեղասպանություն հյուծման միջոցով։ Սա ստեղծել է սարսափելի հումանիտար ճգնաժամ, որն էական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր արցախցու վրա: Սննդամթերքի հիմնական պաշարները (նպարեղեն, ձեթ, շաքարավազ) արդեն փոքր չափաբաժիններով են տրամադրվում մարդկանց։ Նորածիններին համար մանկական կաթերը սպառվել են։ Համարժեք բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինությունը և դեղերի էական բացակայությունը արդեն հանգեցրել են առաջին մահվան դեպքին։ Հարյուրավոր ընտանիքներ բաժանված են իրարից։ Այս հումանիտար ճգնաժամը երբեմն սրվում է Ադրբեջանի կողմից Արցախ բնական գազի մատակարարման խաթարմամբ՝ առանց ջեռուցման թողնելով տները, հիվանդանոցներն ու դպրոցները։
Ինչպես նացիստների քաղաքականությունը գետտոներում, երբ միտումնավոր ստեղծված սովը, ցուրտը, վատ սանիտարահիգիենիկ պայմանները և բժշկական օգնության բացակայությունը հանգեցնում են ավելի քան 700.000 հրեաների մահվան, այնպես էլ Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն այժմ օգտագործում է նույն մեթոդները Արցախի հայերին ոչնչացնելու համար։ Այս քաղաքականությունը բխում է ռասիզմից, այլատյացությունից և հայատյացությունից, որը տարիներ շարունակ ներարկել են Ադրբեջանի իշխող վարչակարգերը։
Ինչպես նշվեց, ցեղասպանությունն իրադարձություն չէ, այլ՝ գործընթաց։ Ցեղասպանությունը հյուծման միջոցով դրա վառ օրինակն է։ Միաժամանակ, այն կարևոր է ցեղասպանությունը կանխարգելելու համար վաղ ահազանգող նշանները հայտնաբերելու առումով: Ինչպես ցույց է տալիս անգամ Ցեղասպանության կոնվենցիայի անվանումը, Կոնվենցիան երկակի նպատակ է հետապնդում՝ կանխարգելում և պատիժ: Բոլոր այն 152 պետությունները, որոնք ստորագրել են Ցեղասպանության կոնվենցիան, իրավական պարտավորություն ունեն կանխելու Արցախում ծավալվող ցեղասպանությունը։
Էդիտա Գզոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
Օգտագործված գրականություն
Helen Fein “Genocide by Attrition 1939-1993: The Warsaw Ghetto, Cambodia, and Sudan, Human Rights, Health, and Mass Death,”
Health and Human Rights 2, no. 2 (1997): 10-45.
Sheri P. Rosenberg, “Genocide Is a Process, Not an Event,”
Genocide Studies and Prevention 7, no. 1 (2012): 16–23.
Pauline Wakeham (2021): The Slow Violence of Settler Colonialism: Genocide, Attrition, and the Long Emergency of Invasion, Journal of Genocide Research, DOI: 10.1080/14623528.2021.1885571
Conflict in the Nuba Mountains From Genocide by Attrition to the Contemporary Crisis in Sudan, edited by Samuel Totten and Amanda F. Grzy (Routledge, 2015).