22.02.2023
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պարոն Ջենարո Սանջուլիանոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հարություն Մարությանը նրանց պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը Իտալիայից ժամանած հյուրերին ներկայացրեց մի քանի ամիս առաջ Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով Հայոց ցեղասպանության թանգարանին տրված Հայր Սալվատորե Լիլլիի (1853-1895) վերաբերյալ բացառիկ փաստաթղթեր, որոնցում Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները: