22.04.2023
Երեկ՝ ապրիլի 21-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի հաշվետու մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց անցյալ տարվա կատարած աշխատանքների արդյունքները՝ նշելով, որ գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները շարունակել են իրեն հետազոտությունները, պատրաստել են տպագրության Հայոց ցեղասպանության վերապրողների անտիպ հուշագրությունները: Պարոն Մարությանը կարևորեց ՀՑԹԻ մի շարք նախաձեռնությունների հաջող մեկնարկը. դրանք են Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի ստեղծումն ու հանրակրթական դպրոցներում «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ներդրման ուղղությամբ կատարված քայլերը։
Մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ-ն կազմակերպել է երկու միջազգային գիտաժողով և չորս ժամանակավոր ցուցադրություն, Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել շուրջ 60.000 հազար այցելու, որոնց գերակշիռ մասն օտարերկրացիներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարանն ընդունել է 78 օտարերկրյա պատվիրակություն: ՀՑԹԻ տնօրենը խոսեց նաև կրթական ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձավ ինչպես ՀՑԹԻ-ում անցկացվող դասախոսություններին, այնպես էլ վերջին ամիսներին մեկնարկած և մեծ հաջողություն գրանցած ՀՑԹԻ նոր նախաձեռնությանը. այն է՝ երևանյան և մարզային կրթօջախներում շրջիկ ցուցադրությունների կազմակերպումը:
Պարոն Մարության նշեց, ահռելի աշխատանքներ են կատարվել Հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ, մասնավորապես ընդլայնվել է Հիշողության կամ եղևնիների պուրակը, ավարտվել է Հայոց ցեղասպանության թանգարանի ներքին բակի վերանորոգման աշխատանքները, ապա ավելացրեց, որ մոտ ժամանակներս կսկսվի բուն Հուշահամալիրի և վարչական տարածքի հիմնավերանորոգման աշխատանքները և կլուծվի ջրահեռացման խնդիրը, որի պատճառով մեծապես տուժել են Հիշողության տաճարի խոնարհված մույթերի սալաքարերը:
Մամուլի ասուլիսի ավարտին ՀՑԹԻ տնօրենը ներկաներին ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տեղի ունեցավ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական և այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը: