Այսօր, «Նոյյան Տապան» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվեց Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Ռուբինա Փիրումյանի՝ «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. աղետի տարիները վերապրածների զգացողություններն» անգլալեզու գիրքը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ռուբինա Փիրումյանն իր խոսքում նշեց, որ գիրքը ևս մեկ ներդրում է ցեղասպանության դատապարտմանն ուղղված պայքարին: Գրքի ուսումնասիրության առարկան ցեղասպանության թեմայի արտացոլումն է գեղարվեստական գրականության մեջ: «Այստեղ պատկերվում է թուրքի ձեռքով վառված դժոխքից անցած հայ մարդու հոգեկան վիճակը, ապրած սարսափելի տեսարանների ու կրած սոսկալի տառապանքի բացած վերքը՝ իբրև անդառնալի դրոշմ նրա ու նրա սերունդների հոգու վրա»,- գրված է գրքի վերջաբանում:
Այս մենագրությունը Ռուբինա Փիրումյանի երկրորդ աշխատանքն է, որ հրատարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: 2008 թ. լույս էր տեսել «Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել Թուրքիայում 1915 թվականից հետո» մենագրությունը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի գիտնականների համատեղ աշխատանքների պատրաստումն ու դրանց արդյունքների հրատարակումը: