Ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թ. սեպտեմբերի 10-ին, Ավստրո-հունգարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Պրագա քաղաքում: Սովորել է Պրագայի, Լայցպիգի և Համբուրգի համալսարաններում: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Վերֆելն արդեն կայացած գրող էր համարվում:
Մեծանուն գրողը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզում: Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:
Մեծ է համաշխարհային գրականության մեջ Ֆրանց Վերֆելի թողած գրական ավանդը` հիմնված խաղաղատենչության և եղբայրության սկզբունքների վրա:
Վերֆելի ստեղծագործությունների մեջ առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները: Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934թ. արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը: Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն:
Ֆրանց Վերֆելը ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչների ընկերակցությամբ
Օրիգինալ լուսանկար ՀՑԹԻ հավաքածուից