Հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ մեծ հայասերի հուշարձանի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրևը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Հուշարձանի բացումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Իմ պապիկին շատ չեմ հիշում, որովհետև երեխա էի, երբ նա մահացավ, սակայն նրա գրքերի միջոցով ես շատ բան իմացա Հայաստանի, ինչպես նաև հայ ազգի հանդեպ իմ պապի սիրո մասին»,- նշել է Գրևը: Նա նաև շնորհակալություն է հայտնել, որ հայերը իր ընտանիքի հիշողությունն այդքան վառ են պահում:
Մարիտ Գրևը ծնվել է 1928 թ-ին: Մասնագիտությամբ իրավաբան է, 20 տարի եղել է նորվեգական մեծ հանրագիտարանի խմբագիրը և Նանսենի մասին գրքի հեղինակ: Բերում քաղաքի քաղաքապետարանի խորհրդի անդամ է, Ակերշուսի շրջկենտրոնի խորհրդի անդամ, ինչպես նաև Նանսենի բևեռագնացության և բևեռախուզական նավերի հետազոտական կենտրոնի ղեկավարն է:
Անվանի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ամփոփումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: