10.12.2015
Բյուզանդ Եղիայանը հետցեղասպանության շրջանի սփյուռքահայ մտավորական է, մանկավարժ, պատմաբան, խմբագիր, հասարակական, կրթական ու մշակութային ականավոր գործիչ: Բ. Եղիայանը բազմաթիվ պատմագիտական, մանկավարժական, աստվածաբանական, կրոնագիտական գրքերի, թատերերգությունների, բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է: Որպես անվանի մանկավարժ՝ սփյուռքի տարբեր կրթական հաստատություններում հանդես է եկել իր ուշագրավ և բազմաբովանդակ դասախոսություններով: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շքանշաններով:
Բյուզանդ Եղիայանը երեք կոտորածի ականատեսն ու վերապրածն է: 1909 թ. ապրիլին ութամյա Բյուզանդը, ականատես է եղել կիլիկիահայության կոտորածներին, հայրենի քաղաքի՝ Ադանայի հրկիզմանը և թուրքերի կողմից իրականացվող թալանին: Ադանայի կոտորածների ժամանակ սպանվել են նրա պապը՝ Հաճի Գևորգը, երկու քեռիները՝ Սամուելն ու Կարապետը, որոնց սրախողխող են արել սեփական մոր աչքի առաջ, մորաքույրը՝ նորահարս Մարթան, իսկ հայրը, թուրքական կառավարական հետապնդումներից խույս տալու համար, շուրջ մեկ տարի ծպտյալ ապրել է Կիպրոսում: Բյուզանդը Եղիայանը վերապրել է 1915թվականի Մեծ Եղեռնը, այնուհետև՝ Զմյուռնիայի կոտորածները:
2015 թ. հոկտեմբերին մեծավաստակ գիտնականի արժեքավոր արխիվը (անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, անտիպ աշխատություններ և այլն) նրա ընտանիքի անդամների ցանկությամբ նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Կենսագրություն
Բյուզանդ Եղիայանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 1-ին Ադանա քաղաքում:
Ուսանել է Տարսոնի ամերիկյան քոլեջում (St. Poul’s college), ապա՝ Զմյուռնիայի ամերիկյան քոլեջում(International college) (1921-1922): 1922-ին երիտասարդ Բյուզանդը մազապուրծ փախել է կրակի մատնված Իզմիրից և հաստատվել Սալոնիկում: 1922-23 թթ. նա եղել է ամերիկյան Y.M.C.A( Young Men’s Christian Association) միության հայ և հույն գաղթական պատանիների կրթության և նրանց տեղավորման հարցերով ստեղծված հաստատության վարիչը: 1923-24 թթ. Ամերիկյան առաքելության նպաստամատույցի վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել օրիորդաց վարժարանում: 1924-27 թթ. ուսանել է Աթենքի կրոնական դպրոցում՝ մասնագիտանալով մանկավարժության և աստվածաբանության ոլորտներում: Մերձավոր արևելքի ամերիկյան նպաստամատույցի կրթական հանձնաժողովի հանձնարարությամբ պատրաստել է «Կրոնաբարոյական դասեր» խորագրով դասագիրքը, որը նախատեսված էր Նպաստամատույցի կողմից հովանավորվող հայկական դպրոցների համար:
1928 թ. Բ. Եղիայանը, շահելով բացառիկ կրթաթոշակ, ուսումը շարունակում է Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (Institut de hautes études internationales)՝մասնագիտանալով միջազգային իրավունքի և քաղաքագիտության բնագավառներում: Օգտագործելով իր մասնագիտական ձեռքբերումները միջազգային իրավունքի բնագավառում՝ Բ. Եղիայանը մասնակցել է Ազգերի լիգայի հայ գաղթականների հարցերին նվիրված քննարկումներին, միջազգային գիտաժողովներին և հանդիպել ժամանակի նշանավոր դեմքերի՝ Ֆրիտյոֆ Նանսենի, Բեռնար Շոուի և այլոց հետ: Ժնևից հետո շահելով ևս մեկ կրթաթոշակ՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում:
1931-ից Բ. Եղիայանը պաշտոնավարել է Կիլիկիո Հայոց կաթողիկոսության Դպրեվանքում՝ նախ իբրև ներքին տեսուչ, ապա՝ կաթողիկոսի խորհրդական և ուսումնապետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում և Լիբանանում եղել է Ալեքսանդրեթի հայ գաղթականության Նպաստի և տեղավորման հանձնաժողովի ապենադպիր: 1955-ին Նյու-Յորքում ընտրվել է ՀԲԸՄ ատենադպիր: 1956-59 թթ. եղել է Մելքոնյան կրթական հաստատության ընդհանուր տնօրեն: 1959-ին կրկին վերադարձել է Անթիլիասի իր մանկավարժական գործունեությանը: 1973 թ. ընտանիքով տեղափոխվել է մշտական բնակության ԱՄՆ:
Մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Բ. Եղիայանը զբաղվել է նաև խմբագրական աշխատանքներով. նա երկար տարիներ անդամակցել է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնաթերթ «Հասկ» ամսագրի խմբագրական մարմնին, եղել է ՀԲԸՄ «Գրասեր» երիտասարդական միության «Ծիածան» ամսագրի խմբագրապետ:
Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շքանշաններով.
• 1970 թ. Մեծի տանն Կիլիկիո Վեհափառ Տ.Տ. Խորեն Ա կաթողիկոսի կողմից Ս. Մեսրոպի շքանշանով
• 1972 թ. Լիբանանի հանրապետության նախագահ Սուլեյման Ֆրանժիեի (Suleiman Franjieh ) կողմից Լիբանանի Մայրիների Առաջին կարգի շքանշանով՝ ի երախտագիտություն Լիբանանի մեջ ծավալած կրթա-մշակութային ծառայությունների համար
• 1973 թ. Մեծի տանն Կիլիկիո Վեհափառ Տ.Տ. Խորեն Ա կաթողիկոսի կողմից արժանացել է Կիլիկյան Մեծ Խաչի իշխան կարգի շքանշանին՝ Անթիլիասի աթոռին և Դպրեվանքին մատուցած 42-ամյա ծառայությունների համար
• 1982 թ. Ամերիկահայ թեմի կողմից ճանաչվել է «1982 թ. Տարվա մարդ»