11.01.2022
Անցյալ տարի հոկտեմբերին վերանորոգվեց Ծիծեռնակաբերդի հուշայգում տեղադրված Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որը ժողովրդական լայն զանգվածների ուղեկցությամբ բարձրացվել էր Ծիծեռնակաբերդի բարձունք և տեղադրվել այնտեղ 1988 թ. ապրիլի 24-ին՝ փաստացի շեշտելով, որ Սումգայիթյան ողբերգությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն է:
1988 թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված էթնիկ զտումները և զանգվածային տեղահանությունը նպատակ ունեին կանխել Արցախյան շարժման հետագա տարածումը՝ հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով։ Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ դատախազության պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը 26 հոգի է, իսկ ոչ պաշտոնականով՝ մի քանի հարյուր։
Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավական գնահատական մինչ այսօր չեն ստացել։
1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով ամբողջովին հայաթափվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքները:
Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված խաչքար-քանդակը հեղինակել է քանդակագործ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որն էլ հենց 1988 թ. ապրիլքսանչորսյան սգո երթի ժամանակ իր գաղափարակից ընկերների հետ միասին խաչքարը բարձրացրել է Ծիծեռնակաբերդի բարձունք: Այդ օրը սգո երթի մասնակիցները տանում էին սև շրջանակների մեջ առնված և եզրերին սև ժապավեններով Սումգայիթի զոհերի և Հայոց ցեղասպանության զոհերին մարմնավորող հայ մտավորականների՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի մեծադիր լուսանկարները:
Ամեն տարի փետրվարի 28-ին, որը 2005 թ.-ից սկած նշվում է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքացիները Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը հարգում են այս խաչքարի մոտ: Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակություններին ևս ներկայացվում է Սումգայիթի հայերի ջարդի և խաչքարի պատմությունը:
Տասնամյակների ընթացքում խաչքարի աջակողմյան հատվածը ճաքել էր և անհրաժեշտություն էր առաջացել այն նորոգելու, որն էլ իրականացվեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի և փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի նախաձեռնությամբ:
Խաչքարը նորոգել է վերականգնող ճարտարապետ, «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա»-ի հիմնադիր անդամ Ամիրան Բադիշյանը: Նա նաև Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետն է: