11.02.2017
Փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ սփյուռքահայ մտավորական, պատմաբան Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր Հ.Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով մատենաշարի ԺԲ հատորի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել վերջերս` Բեյրութում: Ստվարածավալ հատորն ամբողջությամբ նվիրված է Հայոց Մեծ Եղեռնին: Այն ընդգրկում և ամփոփում է ցեղասպանության թեմայով Հ. Յ. Դաշնակցության կենտրոնական արխիվներում պահվող սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող պատմագիտական նյութեր:
Հատորի մեջ ներկայացված են նաև Եղեռնը վերապրածների վկայությունները, որոնք հավաքել է Հայոց Ցեղասպանության առաջին վկայագիրներից Շավարշ Միսակյանը:
Երվանդ Փամբուկյանը արխիվային փաստաթղթերի բազմահատոր այս ժողովածուի խմբագիրն է 2009 թվականից:
Անվանի մտավորականին և նրա վաստակին ուղղված գնահատանքի խոսքով հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Սուրեն Մանուկյանը Երվանդ Փամբուկյանին հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի սահմանած Ջեյմս Բրայսի անվան ոսկե հուշամեդալը և պատվոգիր: