11.03.2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը հնչեղ կոչ է աշխարհի և այն մարդկանց համար, ովքեր արժևորում են կյանքն ու ամբողջականությունը:
Տարբեր միջազգային թերթերի պահոցներում գտած նկարազարդումներն ու նկարները ժողովված են ոչ միայն գրքում, այլև ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 8-10 Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում: Եռօրյա ցուցահանդեսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մեկ դար առաջ» խորագրով դասախոսությունների շարքը բացառիկ հնարավորություն են համախմբելու բոլոր հայերին և ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:
Ցուցահանդեսի մեկնարկը կսկսվի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախագահ դոկտոր Հարութ Յաղսեզյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի բացման խոսքով:
Ապրիլի 9-ին Ամստերդամի Պատերազմի, Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ինստիտուտի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգյորը դասախոսություն կվարի Հայոց ցեղասպանության տնտեսությունն ու նրա հետևանքները թեմայով:
Ապրիլի 10-ին տեղի կունենա «Ստիպողաբար իսլամացված հայերը» թեմայով քննարկումը, որը կվարի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախկին նախագահ պրն. Գուրգեն Բերկսանլարը:
«Հայոց ցեղասպանությունը. Լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» 260 էջանոց հատոր է, որը ներառում է էսքիզներ, նկարազարդումներ և լուսանկարներ՝ հրատարակված մի շարք միջազգային թերթերում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Լուսանկարները հիմնականում բնութագրվում են հայերեն և անգլերեն լեզուներով:
Թերթեք էջերը, նայեք լուսանկարների խորքերը և գտեք ենթատեքստը: Ճանապարհորդությունն այդ էջերով կտեղափոխի Ձեզ անցյալ, և Դուք ինքներդ կզգաք մեր ժողովրդի ապրած սարսափները, մահվան ճանապարհորդությունը կամ էլ փախուստը, արտագաղթն ու նոր կյանքը:
Այս հատորն արթնացնում է մարդկությունը մարդու մեջ. այն պատրաստված է պարզ ոճով, որի բովանդակությունը հուզում է ընթերցողի հոգին: Գիրքը հրատարակվել էր 2014թ. Երևանում:
Դոկտոր Դեմոյանը գրում է. «Հայերի հետապնդումների մասին այս հրատարակումները, որ հայտնվել են եվրոպական և ամերիկյան թերթերի առաջին էջերին, հատկապես հետաքրքիր են և մատնանշում են ժամանակին Հայոց ցեղասպանության արդիականությունը և հայերի հետ կատարվածն իմանալու պատրաստակամությունը»:
Massis post