11.04.2015
Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀԿՀ Շոա հիմնադրամի տնօրեն Ստեֆան Սմիթը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը ճանապարհ է հարթում երկու կազմակերպությունների միջև ապագա համագործակցության համար:
ՀԿՀ Շոա հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության նոր հավաքածուի առաջին 60 հարցազրույցները 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կինդեքսավորվեն և հասանելի կդառնան Պատմության վիզուալ արխիվում: Հարցազրույցները հայկական Ֆիլմ հիմնադրամի՝ 400 հարցազրույց Հայոց ցեղասպանության ականատեսների և վերապրողների հետ հավաքածուի մի մասն են, որոնք նկարահանել է կինոռեժիսոր Ժ. Միքայել Հակոբյանը սկսած 1970-ականներից:
ՀՑԹԻ-ի և ՀԿՀ Շոայի միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը ՀՑԹԻ-ի համար լիակատար հասանելիություն կապահովի Պատմության վիզուալ արխիվի նյութերին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այցելուներն ու գիտնականները կկարողանան դիտել բոլոր 52,000 վկայությունները, այդ թվում՝ Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանության և Հայոց ցեղասպանության հավաքածուները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Շոա հիմնադրամի հետ կհամագործակցի նաև կրթական և հետազոտական ծրագրերում, ինչպես նաև կուսումնասիրվի Հայոց ցեղասպանության հավաքածուն նոր կամ արդեն գոյություն ունեցող վկայություններով հարստացնելու հնարավորությունը:
Սույն համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ուրբաթ առավոտյան ՀԿՀ համալսարանական ակումբում կազմակերպված ընդունելության ժամանակ: Շոա հիմնադրամի տնօրեն Ստեֆան Սմիթն իր խոսքում նշեց, որ
ՀՑԹԻ-ն հսկայական նշանակություն ունի հիմնադրամի համար, քանի որ թանգարանը կապահովի Պատմության վիզուալ արխիվի կենսունակությունը Երևանում:
Պարոն Դեմոյանն իր խոսքում նշեց, որ սա յուրահատուկ առիթ է իր և թանգարանի համար:
«Գերզբաղված այս ամսում, երբ պատրաստվում ենք նոր թանգարանային ցուցադրության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակով ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպումն աշխարհի տարբեր երկրներում, շատ կարևոր է այս համաձայնագրի ստորագրումը և Շոա հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցություն սկսելը»:
Դեմոյանն ասաց.
«Այս հուշագիրը թղթի վրա չի մնա: Մեր ստորագրությունները զարկ են տալիս կարևոր նշանակություն ունեցող գործընթացների՝ հետազոտությունների, ուսումնասիրությունների, հիշողության պահպանման և համագործակցության»:
Իր հերթին Ս. Սմիթը հայտարարեց.
«Մենք մեծապես ցանկանում ենք ապահովել, որ Ժ. Միքայել Հակոբյանի կողմից հավաքված այս վկայությունները տասնամյակներ անց լսելի դառնան աշխարհին: Չկա ավելի հարմար տեղ այս գործն իրականացնելու համար, քան Երևանը: Այն հիշողության վայր է, մի վայր որտեղից բխում է պատմությունը, վայր, որը Ձեր ղեկավարությամբ, ապահովում է, որ հետազոտությունն ու կրթությունը, որոնք նաև մեր ինստիտուտի հիմքերն են, իսկապես արմատավորեն այս վկայություններն աշխարհում»: