11.04.2019
Ս.թ. մարտի 22-23-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը Ստամբուլում մասնակցեց միջազգային գիտաժողովի: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը կրում էր «Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորագիրը:
ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը ելույթ ունեցավ
«Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետ-հարյուրամյակային ժամանակաշրջանում» (The Armenian Genocide Memorial and Museum in Post-centenary Period) զեկույցով։ Վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման նախադրյալներն ու գործընթացը, հուշահամալիրի կազմությունը, հանգամանորեն (20 րոպե, ավելի քան հինգ տասնյակ լուսանկարներ) անդրադարձավ նրա տարրերից յուրաքանչյուրին, թանգարան-ինստիտուտի նպատակին ու խնդիրներին, կառուցվածքին, նախատեսվող երեք մեծ ծրագրերին (Ցեղասպանության զոհերի ու վերապրողների տվյալների շտեմարան, Ցեղասպանությունը վերապրողների տեսաձայնագրությունների շտեմարան, Հուշագրությունների շտեմարան)։ Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ թանգարանի թեմատիկ ցուցադրության մեջ փորձ է արվելու շեշտադրումներ առաջարկել, հաշվի առնելով այն իրողությունը, որ Ցեղասպանության տարիներին հայերը բազմաթիվ բնակավայրերում կազմակերպել են դիմադրություններ։ Նկատվեց, որ ժամանակն է, որ քայլեր ձեռք առնվեն վերաբանաձևելու ապրիլի 24-ի խորհուրդը, առաջարկելով նոր ձևակերպում՝ «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր»։
Ընդհանուր առմամբ ներկայացվել են 24 զեկուցումներ։ Դրանց զգալի մասը նվիրված էր հուշային թանգարաններին, դրանց գործառույթներին, ցուցադրության կազմակերպման խնդիրներին, տարվող քաղաքականությանը:
«Գիտաժողովի օրերին հնարավորություն եղավ ձեռք բերել գոնե նախնական պայմանավորվածություններ։ Ես քննարկեցի ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրության կազմակերպման հնարավորության հարցը Լեհաստանի, Ռուանդայի և Կամբոջայի թանգարանների ներկայացուցիչների հետ։ Կան նախնական համաձայնություններ։ Ժամանակը և մեր ու մյուս կողմի հետևողականությունը ցույց կտա, թե որքանով են դրանք իրատեսական»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը։
Գիտաժողովի կազմակերպիչները, նաև Հրանտ Դինքի այրին ու դուստրը, իրենց երախտագիտությունն են հայտնել Հարություն Մարությանի՝ գիտաժողովին մասնակցելու փաստի առթիվ։
«Այս կամ այն կերպ շեշտվում էր, որ առաջին անգամն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ նման կարգավիճակով, ժամանել է Թուրքիա և մասնակցում է գիտաժողովի։ Ունկնդիրների թվում էին մի քանի հայեր, որոնք մոտեցան, ներկայացան, ծանոթացան։ Գիտաժողովի ավարտին, այցելություն կազմակերպվեց Հրանտ Դինքի հուշային կենտրոն։ Այն մեր պատկերացմամբ զգալի չափով տուն-թանգարան է լինելու։ Դա «Ակոս» պարբերականի խմբագրության նախկին շինությունն է, որի առջև սպանվեց Հրանտ Դինքը։ Նախատեսվում է, որ կենտրոնը կլինի մի վայր, ուր հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն հայ և թուրք մարդկանց, այդ թվում և մտավորականների, հետազոտողների միջև։ Կենտրոնում տարվող նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս»,- ամփոփում է պարոն Մարությանը։
Նշենք, որ գիտաժողովը բաց էր, այսինքն ունկնդիրները նախօրոք գրանցվել էին համապատասխան կայքում։ Հրավիրված էին հիշողության հարցերով զբաղվող մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Հունգարիայից, Հունաստանից, Լիբանանից, Ռուանդայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Շրի Լանկայից, Կամբոջայից, Հայաստանից։