11.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցելով տարբեր երկրների հայկական դեսպանատների, սփյուռքյան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ՝ կազմակերպում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի տարբեր միջոցառումներ:
Օրերս այսպիսի մի համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել ՀՑԹԻ-ի «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրության բացումը, որը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու առաջնորդարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի ազգային թատրոնի հետ համագործակցությամբ։ ՀՑԹԻ-ի տրամադրած ցուցադրությանը հաջորդել էր «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրով ցուցադրության բացումը:
«Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրությունը հայ կանանց խիզախության և տառապանքի մասին է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Լուսանկարների, պատմությունների և վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։
Ցուցադրության բացմանը Ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունել է ներկաներին՝ կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրել հայ ժողովրդի վերապրած ողբերգության ոչ այնքան հայտնի դրվագները։
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանն ընդգծել է, որ Ցեղասպանությունը վերապրածների մի մասը սփռվել է աշխարհով մեկ, այդ թվում՝ Ռումինիայում, իսկ մի զգալի մասը հաստատվել է Հայաստանում։ Արդյունքում՝ գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում կան վերապրածների պատմություններ։ Նա հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ առաջ սրբադասեց Ցեղասպանության անմեղ զոհերին, ինչն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում։
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության ամենատխուր էջն է, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքը և բնակչության մոտ երեք քառորդ մասը, գրեթե 6500 հոգևորական՝ սպանվեց, 60 առաջնորդարան քանդվեց, և միայն շուրջ 350 հազար հայ կարողացավ մազապուրծ լինել և անապատից հասնել այլ երկրներ, որի արդյունքում այսօր ավելի քան 160 երկրներում հայկական համայնք և եկեղեցի կա։
Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն էլ ընդգծել է, որ հայերն, ապաստան գտնելով աշխարհի բոլոր ծայրերում, կարծես «զգում են» իրար և հաճախ միայն հայացքը բավական է հասկանալու, որ դիմացինը հայ է։ Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպից կարդացել է տարբեր երկրների հյուպատոսների վկայությունները հայ կանանց կոտորածների մասին։
Ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի հանրության համար։