Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆ
Քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին...


11.05.2022


Այս տարի լրանում է Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիր, հայ ժողովրդի բարեկամ Կլարա Բարտոնի մահվան 110-րդ տարելիցը

Կլարա Բարտոնն Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության հիմնադիրը և նախագահն էր: 1896 թ. փետրվարին՝ 75 տարեկան հասակում, նա ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-1896 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Նորդ Օքսֆորդ քաղաքում: Նա բազմազավակ ընտանիքի 5-րդ զավակն էր: Կլարան իր ավագ եղբայների ու քույրերի օգնությամբ ոչ միայն ինքնուրույն ուսում է ստացել, այլ նաև 17 տարեկան հասակում սկսել է դասավանդել դպրոցում: 1850 թ. Նա ընդունվում է Նյու Յորք նահանգի Քլինտոն քաղաքի Լիբերալ ինստիտուտը, իսկ երկու տարի անց հիմնում է Նյու Ջերսի նահանգի առաջին հանրային դպրոցը Բորդենթաուն քաղաքում: 1854 թ. Կլարա Բարտոնը մեկնում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և աշխատանքի անցնում ԱՄՆ Արտոնագրային գրասենյակում: Այդ ժամանակ սա բացառիկ դեպք էր, երբ կինը աշխատանքի էր նշանակվում դաշնային կառավարության գրասենյակներից մեկում:

ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865 թթ.) Կլարա Բարտոնը մի խումբ ընկերների հետ ձեռնամուխ է լինում զինվորներին օգնություն կազմակերպելու և ցուցաբերելու գործին. մինչ այդ ԱՄՆ-ում կանանց արգելված էր այցելել դաշտային հոսպիալներ, զինվորական ճամբար կամ հայտնվել մարտադաշտում: Սակայն Կլարա Բարտոնն իր նվիրումով ու խիզախությամբ վստահություն է ձեռք բերում պետական պաշտոնյաների ու սպայական կազմի մոտ. իր աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

1864 թ. Կլարա Բարտոնը պաշտոնապես ստանձնում է ԱՄՆ Միության բուժքույրեր կազմակերպության ղեկավարի պարտականությունները, սկսում միջոցներ հավաքել և կազմակերպել հոսպիտալների մատակարարման, ինչպես նաև բուժքույրերի պատրաստման աշխատանքները: Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ Նախագահ Աբրահամ Լինկոլնի հանձնարարությամբ նա ղեկավարում է մարտադաշտերում կորած զինվորների մասին տեղեկությունների հավաքագրման, ցուցակների տպագրության և մահացածների ինքնությունը հաստատելու աշխատանքը:

1869 թ. Կլարա Բարտոնը մեկնում է Եվրոպա: Շվեյցարիայում նա ծանոթանում է Միջազգային կարմիր խաչի կոմիտեի գործունեությանը և Ժնևի կոնվենցիայի հիմնադրույթներին, որպես կամավոր մասնակցում Կարմիր խաչի փրկարար աշխատանքներին՝ 1870-1871 թթ. ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում:

Կլարա Բարտոնը վերադառնում է ԱՄՆ 1873 թ. և մեծածավալ քարոզչական գործունեություն ծավալում Կարմիր խաչի գաղափարները տարածելու ուղղությամբ: 1881 թ. մայիսին Կլարա Բարտոնը հիմնում է Ամերիկյան ազգային կարմիր խաչ կազամակերպությունը, իսկ մեկ տարի անց ԱՄՆ-ը միանում է Ժնևի կոնվենցիային: Կլարա Բարտոնի գործուն աշխատանքի շնորհիվ Ժնևի կոնվենցիայում 1884 թ. կատարվում է լրացում, համաձայն որի Միջազգային կարմիր խաչը պետք է զբաղվեր մարդասիրական գործունեությամբ ոչ միայն պատերազմի այլև բնական աղետների դեպքում:

1895 թ. վերջին Հայ ազգային օգնության կոմիտեն, որը հիմնադրվել էր Նյու Յորքում, և ամերիկյան միսիոներական խորհուրդները միասնաբար դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին Օսմանյան կայսրությունում համիդյան կոտորածների հետևանքով տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով: Օգնության հայթայթման աշխատանքներն արդեն սկսված էին Մեծ Բրիտանիայում և Միացյալ նահանգներում, սակայն Թուրքիա հասցնելու և տեղում օգնությունը կազմակերպելու համար Կարմիր խաչից բացի որևէ այլ կազմակերպություն փորձ և միջոցներ չուներ: Ստեղծված իրավիճակն անսովոր էր Կլարա Բարտոնի համար, քանի որ այն ո՛չ բնական աղետ էր, ո՛չ էլ պատերազմական գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակ. այն մարդու կողմից իրականացված կոտորած էր, որն իր մեջ պարունակում էր նուրբ քաղաքական տարրեր: Կոտորածներից տուժած հայ բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում Ամերիկյան Կարմիր խաչին ընդգրկելու գաղափարը Կոստանդնուպոլսում գործող ամերիկացի միսիոներ պատվելի Հենրի Օ. Դուայթինն էր:

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար: Ամերիկյան և բրիտանական տարբեր կազմակերպությունների միջոցով հանգանակվում է շուրջ 116 հազար դոլար՝ հիմնականում բողոքական, ավետարանական եկեղեցիների միջոցով: Օսմանյան կայսրության դեսպանությունը Վաշինգտոնում մերժում է մուտքի արտոնություն տրամադրել Ամերկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ արտերկրից եկող յուրաքանչյուր օգնության ծրագրում տեսնելով քաղաքական ինտրիգ կամ միջամտություն ներքին գործերին: Սակայն Կլարա Բարտոնը որոշում է անձամբ մեկնել և բանակցել Բարձր Դռան հետ:

Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին: Միաժամանակ կառավարության նախապայմանն էր, որ ծրագիրը չի կարող իրականացվել Կարմիր խաչի նշանաբանով, այլ պետք է ձևակերպվի որպես Կլարա Բարտոնի անձնական արշավախումբ. Բարձր դուռը մտահոգ էր, որ Կարմիր խաչի խորհրդանիշը կարող էր ավելի խորացնել թուրքերի՝ արդեն իսկ պայթյունավտանգ կրոնական թշնամանքը քրիստոնյաների հանդեպ:

Կարմիր խաչը չորս արշավախումբ գործուղեց Հայկական Թուրքիա, Միջերկրականից Սև ծով ընկած տարածաշրջանները՝ հասցնելով անհրաժեշտ օգնություն, վերանորոգելով տներ և վերաբնակեցնելով ողջ մնացածներին:

Կոտորածներին հետևեցին որովայնային տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները: Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:

Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում, և բազմաթիվ հոռետեսական հեռագրեր ու նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը: Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը հեռանում է Լոնդոն, որտեղ տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:

Կ. Բարտոնը Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր համարում, քանի որ «քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ»:

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մեկ հատորում: Այդ զեկույցները ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին: Կլարա Բարտոնը ղեկավարում է Ամերիկյան կարմիր խաչը մինչև 1904 թ.:

Կլարա Բարտոնը մահացել է 1912 թ. ապրիլի 12-ին Մերիլենդ նահանգի Գլեն Էքո գյուղաքաղաքում, 91 տարեկան հասակում: Նա հեղինակել է Կարմիր խաչի պատմությունը, Կարմիր խաչը խաղաղության ու պատերազմի միջև հատորները:

2012 թ. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողով լի սափորն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր մաս կազմող հուշապատում և տեղադրվեց հուշատախտակ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նրա անունով թողարկել է ոսկե հուշամեդալ՝ «Երախտագիտություն» անվանակարգով և հիշատակի անվանական բացիկ:



Լուսինե Աբրահամյան
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն







Կլարա Բարտոնը՝ լուսանկարված 1890-ականներին (Կոնգրեսի գրադարան)
Ishbel Rose, Angel of the Battlefield. The Life of Clara Barton. The story of extraordinary woman who founded the AMERICAN RED CROSS, New York 1956.




Կլարա Բարտոնի ղեկավարությամբ իրականացված Ամերիկյան կարմիր խաչի նպաստամատույց առաքելության ուղին ներկայացնող քարտեզ, 1896 թ.
Ամերիկյան Կարմիր Խաչի Նպաստամատույց Առաքելությունը Փոքր Ասիա, Կլարա Բարտոն, ՀՑԹԻ, Երևան 2012:




Առաջին բուժօգնության պայուսակն ու պարագաները, որոնք պատկանել են Կլարա Բարտոնը (Կոնգրեսի գրադարան)
Ishbel Rose, Angel of the Battlefield. The Life of Clara Barton. The story of extraordinary woman who founded the AMERICAN RED CROSS, New York 1956.




Կլարա Բարտոնի տունը Գլեն Էքո գյուղաքաղաքում, Մերիլենդ: 1897-1904 թթ. ծառայել է որպես Կարմիր խաչի գրասենյակ (Կոնգրեսի գրադարան):
Ishbel Rose, Angel of the Battlefield. The Life of Clara Barton. The story of extraordinary woman who founded the AMERICAN RED CROSS, New York 1956.



Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման և հուշատախտակի տեղադրման արարողությունից, 2012 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am