11.05.2023
Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, 2009-2019թթ. Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Պրեդայի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանի գլխավորությամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի ուսանողները մայիսի 11-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Քրիստիան Պրեդան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկանին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Պատվիրակության անդամները եղան Հիշողության պուրակում, որտեղ պարոն Քրիստիան Պրեդան ջրեց Ռումինիայի նախկին նախագահներ Իոն Իլիեսկուի 2001 թ.-ին և Տրայան Բասեսկուի 2006 թ.-ին տնկած եղևնիները: