11.10.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար անմար կրակի մոտ:
Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքմ այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: