11.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՑԹԻ-ում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցում էին փրկարարներ 7 երկրից:
Ըստ սցենարի՝ Հայոց ցեղասպանության թանգարանը տուժել էր երկրաշարժից և պետք էր տարհանել ու առաջին բժշկական օգնություն տրամադրել թանգարանում գտնվող այցելուներին, և երկրորդ՝ տարհանել թանգարանային առարկաները հրշեջ-փրկարարական ջոկատի և վերապատրաստում անցած թանգարանի աշխատակիցների կողմից:
Տարբեր երկրներից ժամանած փրկարարների և ՀՑԹԻ աշխատակիցների մասնակցությամբ երկու սցենարներն էլ բարեհաջող խաղարկվեցին:
Հատուկ վարժանքի ընթացքում թանգարանային առարկաների տարհանման համար Հայոց ցեղասպանության թանգարանում առանձնացվել էր երեք տեղամաս՝ առաջինում երկրաշարժից «տուժած» ցուցասեղանն էր, երկրորդում տարհանման և տեսակավորման կետը, իսկ երրորդում՝ անվտանգության և վերականգնման, որտեղ տարհանված առարկաները ստուգվում էին:
Նշենք, որ վարժանքի ժամանակ օգտագործվել են հատուկ այդ նպատակով նախատեսված թանգարանային առարկաների մուլյաժներ: Վարժանքի նպատակն էր մարդկանց իրազեկվածության բարձրացումը և բնական աղետների ժամանակ ռիսկերի կառավարումը: