1896 թ. տառապյալ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու առաքելությամբ 74-ամյա մի ամերիկուհի ժամանեց Ստամբուլ, ապա ուղղություն վերցրեց դեպի Կ. Պոլիս: Հարյուր տարի առաջ, այս օրը, կյանքին հրաժեշտ տվեց Կլարա Բարթոնը, մի ուշագրավ կին, ում ջանքերի շնորհիվ առնվազն 50000 հոգու կյանք է փրկվել: Դուք թերևս հարց կտաք, թե այս գաղափարական առաջնորդն, ում գրեթե բոլոր դպրոցահասակ ամերիկացիները գիտեն որպես «Մարտադաշտի հրեշտակի», ինչո՞ւ եկավ Կ.Պոլիս:
1861 թ. Կլարա Բարթոնն աշխատում էր մայրաքաղաք Վաշինգտոնում, ԱՄՆ արտոնագրային վարչությունում:
Ամերիկյան քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո նրա հայրենի Մասաչուսեթս նահանգից վիրավոր զինվորներ էին գալիս դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, և նա այդ զինվորների խնամքն իր վրա վերցրեց: Խնամքն իրականացնելու հարցում նրան օգնեց տարիներ առաջ իր հիվանդ եղբորը խնամելու ընթացքում ձեռք բերած փորձը: 1862 թ. նա արդեն մարտադաշտերում էր և օգնություն էր ցուցաբերում ամերիկյան պատմության ամենաարյունալի պատերազմի զոհերին: 1865 թ., պատերազմն ավարտվելուց հետո, Կ. Բարթոնը ձեռնամուխ եղավ տասնյակհազարավոր անհայտ զինվորների ինքնությունը պարզելու գործին, քանզի գիտակցում էր, որ նրանց ընտանիքները ցանկանում են իմանալ իրենց սիրեցյալների ճակատագրի մասին:
Մի քանի տարի անց Կ. Բարթոնն ուղևորվեց Եվրոպա, որտեղ անդամագրվեց Կարմի խաչի սկզբնավորվող շարժմանը: Նա շարունակում էր օգնել պատերազմների ու աղետների զոհերին, ապա 1881 թ. հիմնեց Ամերիկյան կարմիր խաչը: Որպես Ամերիկյան կարմիր խաչի ղեկավար` Կ. Բարթոնը 23 տարի օգնության առաքելություններ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և երկրի սահմաններից դուրս` դառնալով մարդասիրական օգնության ու աղետներից տուժածներին օգնելու գծով Միացյալ Նահանգների թիվ մեկ դեմքը: Եվ սա այն ժամանակներում, երբ Միացյալ Նահանգներում կանայք դեռ ընտրական իրավունք չունեին:
Նրանք, ովքեր գիտեն Կ. Բարթոնին Հայաստանում, հիշում են, որ 1896 թ. նա ղեկավարել է Ամերիկյան կարմիր խաչի առաքելությունը: Կ. Բարթոնը գրել է, որ ամերիկացիները իրեն սկսեցին հորդորել ձեռնամուխ լինել այդ առաքելությանը այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին բազմաթիվ հաղորդումներ «Հայաստանի սարսափելի տառապանքների» մասին: 74-ամյակը լրանալուց մեկ ամիս անց նա Ատլանտյան օվկիանոսով ուղևորվեց դեպի Կ. Պոլիս` առանց նույնիսկ ափ դուրս գալու թույլտվություն ունենալու: Տեղ հասնելուն պես Կ. Բարթոնը կարողացավ համոզել օսմանյան պաշտոնյաներին, որ թույլատրեն Ամերիկյան կարմիր խաչի մարդասիրական առաքելության իրականացումը:
Կ. Բարթոնը և նրա գործընկերները այդ շրջաններում ավելի քան 6 ամիս օգնություն էին ցուցաբերում հայ ազգաբնակչությանը: Այն քաղաքներում, որտեղ ահռելի չափերի էր հասնում մահացությունը, նրա թիմերը օգնում էին պայքարել բծավոր ու որովայնային տիֆի, դիզենտերիայի և ծաղկի համաճարակների դեմ: Այլ խմբեր սննդամթերք, սերմեր, գործիքներ ու անասուններ էին բաժանում հարյուրավոր գյուղերում: Կ. Բարթոնի հաշվարկներովՙ ամերիկյան ժողովրդի նվիրատվությունները, որոնք այսօրվա գնահատումներով համարժեք են 3 միլիոն ԱՄՆ դոլարին, թույլ են տվել, որ Ամերիկյան կարմիր խաչը փրկի 50000 հոգու կյանք, ովքեր այդ օգնության բացակայության պարագայում «մինչև 1897 թ. մայիսի մեկը կկնքեին իրենց մահկանացուն սովից ու կուտակված դժվարություններից», ինչպես նշում է ինքը` Կ. Բարթոնը: Այս օգնության շնորհիվ դրական տեղաշարժեր ապահովվեցին նաև բազմաթիվ այլ մարդկանց կյանքում:
Ի գնահատումն այս աշխատանքների Կ. Բարթոնն արժանացավ Երուսաղեմի, Կիպրոսի և Հայաստանի իշխանի պարգևին և թուրքական սուլթանի շքանշանին: Նրա աշխատանքն ամենուր գովասանքի էր արժանանում, քանի որ դրա հիմքում մարդասիրական ընդհանուր արժեքներն էին, և մի կողմ էին թողնված կրոնական համոզմունքները: Կ. Բարթոնի թողած ժառանագությունն այսօր էլ իր արտացոլումն է գտնում հակամարտությունների ու աղետների գոտում Միջազգային կարմիր խաչի և կարմիր մահիկի կողմից իրականացվող մարդասիրական առաքելություններում:
Այսօր էլ, մահվանից հարյուր տարի անց, մենք հիշում ենք Կ. Բարթոնին` որպես առաջամարտիկի, որպես հայ-ամերիկյան բարեկամության մշտադալար խորհրդանիշի և որպես անձնավորության, որն օգնեց կարիքի մեջ գտնվող մարդկանց` ցույց տալով, թե ինչքան շատ բան կարող է անել մեկ հոգին անձնական նախաձեռնության և կամավորական ծառայության միջոցով:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
Նյութը տպագրվել է «Ազգ» օրաթերթի 2012թ. ապրիլի 12-ի համարում
Այս թեմայով ՀՑԹԻ անդրադարձը` www.genocide-museum.am/arm/18.11.2011.php
Մայիսի 23-ին ՀՑԹԻ կազմակերպելու է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԱՄՆ Կարմիր Խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին: Կվերահրատարակվի Կլարա Բարտոնի կազմած զեկույցի անգլերեն տարբերակը, իսկ զեկույցի հայերեն թարգմանությունը ու տպագրությունն իրականացվելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: