12.07.2016
Հուլիսի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նստաշրջանը:
Նիստին մասնակցեց երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խումբը: Թեման էր՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց»:
Նստաշրջանը բացվեց ՀՑԹԻ տնօրենի ելույթով: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և գիտական ուսումնասիրության նոր հանգրվաններին ու հեռանկարներին: Խոսելով Հայոց ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրության ոլորտի մասին՝ Հայկ Դեմոյանը հիշատակեց Սփյուռքում և Հայաստանում անընդհատ հրատարակվող գիտական, գիտահանրամատչելի հրատարակությունները, արձանագրեց ՀՑԹԻ եզակի առաքելությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միակ կառույցն է աշխարհում, որտեղ հավաքվում, գիտականորեն ուսումնասիրվում, պահպանվում և ցուցադրվում են փաստերն ու տեղեկությունները, փաստաթղթերը և իրեղեն նյութերը:
Խոսելով միջազգային ճանաչման հետևանքներից՝ պարոն Դեմոյանը նշեց. «Գիտահետազոտական ոլորտում թուրքական ժխտողականությունը պարտություն է կրել: Դա նշանակում է՝ չի կարող լինել նոր ցնցող ուսումնասիրություն, նորահայտ փաստաթուղթ, նոր գիտական մոտեցում, որոնց հիման վրա կապացուցվեր, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէր: Երեսուն-քառասուն տարի առաջ դրա մասին չէինք կարող խոսել, բայց այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականությունը ակադեմիական դաշտում պարտություն է կրել: Սա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք, պետք է ձևակերպենք մեր հետագա անելիքները պետք է հղկվեն և հստակեցվեն ամեն ճանաչումից հետո: Յուրաքանչյուր սերունդ պարտք ունի վերցնել նախորդ սերնդից և շարունակել ընդհանուր գործը, իսկ գործակցությունը պետք է լինի համատեղ Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում»
«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը մեկնարկել է հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ:
«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Հավաքին մասնակցում է 90 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապու¬րից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Հայաստանից: