12.07.2023
Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Կարդինալ Պիետրո Պարոլինը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցի կապակցությամբ ՀՑԹԻ գիտական ֆոնդերից ի թիվս այլ նյութերի դուրս էր բերվել նաև Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի՝ 1915 թվականի սեպտեմբերի 10-ին Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-ին ուղղված նամակի կրկնօրինակը: Նամակում Հռոմի Պապը իր բողոքի ձայնն էր բարձրացրել հայերի հանդեպ իրականացվող համատարած բռնությունների և ջարդերի դեմ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կատարվող զանգվածային հանցագործությունները: Թանգարանում շրջելուց հետո կարդինալ Պիետրո Պարոլինը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարդինալին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին Կարդինալը Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրեց հուշամեդալ:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Կարդինալ Պիետրո Պարոլինը ջրեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի 2001 թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016 թ.-ին տնկած եղևնիները: