Միհրան և Գոհար Գյոկճյանները զավակների (Եփիմե, Լուսյա, Արամ, Թեֆարիկ և Նվեր) հետ, Սիս, 1913 թ.
Գյոկճյան գերդաստանը Կիլիկիայի Սիս քաղաքից էր: Միհրան Գյոկճյանը (?-1915) ենթադրաբար եղել է քահանայի որդի և կնոջ՝ Գոհարի հետ ունեցել 5 զավակ՝ Եփիմե (?-1962), Լուսյա (1907-1984), Արամ (?-1945), Թեֆարիկ (1911-1982) և Նվեր (1913-1915):
Ամուսնու սպանությունից հետո Գոհարը զավակների հետ տեղահանվել է (մանրամասները հայտնի չեն), երեխաները հայտնվել են Մերսինի ֆրանսիական որբանոցում, որտեղ մայրը խոհարարություն է արել: Որբանոցում երեխաների աչքերին ինչ-որ դեղ են կաթեցրել, որի հետևանքով Եփիմեն կուրացել է, իսկ Թեֆարիկը՝ կորցրել մի աչքը: Նույն որբանոցում է մահացել կրտսեր դուստրը՝ Նվերը:
1920-ականների սկզբին Գոհարը զավակների հետ Մերսինից տեղափոխվում է Հունաստան, հաստատվում Կոկինիայում:
Արամ Գյոկճյանն անդամակցում է հնչակյան կուսակցությանը, լինում «Նոր կյանք» թերթի խմբագրության կազմում: Գերմանացիների կողմից Հունաստանը գրավելուց հետո մատնությամբ Արամը ձերբակալվում է և որպես խորհրդային երկրի հանդեպ լոյալ գործիչ՝ գնդակահարվում՝ իբրև թե փախուստի փորձի ժամանակ:
Լուսյա Գյոկճյանն ամուսնանում է Գևորգ Հարությունի Երջանյանի (1887-1965) հետ: Վերջինիս մասին հայտնի է միայն, որ Հաճընից էր և ցեղասպանության հետևանքով կորցրել էր ընտանիքի մեծ մասին: Վրեժխնդիր լինելով ընտանիքի համար՝ Գևորգն ընկերոջ հետ սպանում է մի թուրքի։ Կոկինիայում, ապա նաև հայրենադարձվելուց հետո՝ Հայաստանում, Գևորգն զբաղվում է կաշեգործությամբ: Գևորգի և Լուսյայի ամուսնությունից Հունաստանում ծնվում է 4 զավակ՝ Հրանուշը (1927-2018), Հարությունը (1929-1987), Նվերը (1932-2002) և Մարոն (1945-1991): 1946 թ. Երջանյանների ընտանիքը հայրենադարձվում է՝ սկզբում ապրելով Նուբարաշեն ավանում, ապա՝ Նոր-Արեշում:
Թեֆարիկը ամուսնանում է Վահան Նշանի Նշանյանի (1895-1942) հետ, ծագումով Թուրքիայի Իզմիր բնակավայրից: Այս ամուսնությունից ծնվում են նրանց երկու որդիները՝ Ստեփանը (1929-1993) և Նշանը (1931-1994): 1932 թ. Նշանյանների ընտանիքը նույնպես հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան, ուր ծնվում է նրանց դուստրը՝ Մարիցան (1936-1993)՝ կրելով տատիկի՝ Վահանի մոր անունը:
Գյոկճյանների ընտանիքը, Սիս, 1880-ականներ
Գյոկճյանների ընտանեկան արխիվ
Արամ Միհրանի Գյոկճյանը (նստած կենտրոնում) կուսակից ընկերների հետ, Կոկինիա, 1920-ականներ
Գյոկճյանների ընտանեկան արխիվ
Գոհար Գյոկճյանը թոռների՝ Հրանուշի, Հարությունի և Ստեփանի հետ, Կոկինիա, 1931 թ.
Գյոկճյանների ընտանեկան արխիվ