12.09.2015
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև. տեղեկացն ում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:
Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևը գալիս է լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:
ՄԱԿ-ի 84 համահեղինակ անդամ պետությունների անունից ներկայացնելով բանաձևը` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ցեղասպանությունը մարդկության գործած ամենասարսափելի ոճրագործությունն է, որը դարձել է միլիոնավոր մարդկանց նահատակման պատճառ: «Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով` ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար», - շարունակեց դեսպան Մնացականյանը։
Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։
Վերահաստատելով 1948թ. կոնվենցիայի նշանակությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատասխանատվության միջազգային կարևորագույն փաստաթուղթ, Գլխավոր ասամբլեայի բանաձևն ընդգծում է ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Բանաձևով վերահաստատվում է յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը` պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից և դրա հրահրումից։ Բանաձևում նաև ամրագրվում է ցեղասպանության անպատժելիության դեմ պայքարը` որպես կանխարգելման կարևորագույն գործոն։
Բանաձևը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանն ու անհատներին նշել միջազգային օրը` ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի, ցեղասպանության դեմ պայքարի և կանխարգելման հարցում դրա նշանակության բարձրացման ու իրազեկման նպատակով, ինչպես նաև հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի ու հարգանքի։
Իր ելույթում դեսպան Մնացականյանը նաև նշեց, որ միջազգային օրվա հռչակման միջոցով փորձ է արվում վարձահատույց լինել ցեղասպանության զոհերի ճակատագրի նկատմամբ անցյալում ցուցաբերված անտարբերության համար, և հավելեց, որ ժխտողականությունը նաև խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, և խաթարում հաշտեցմանն ուղղված իրական ջանքերը։ Դեսպանն անդրադարձավ անդամ պետությունների պատասխանատվությանը` կառուցելու այնպիսի ամուր մի համակարգ, որը կսանձի ապագայում հնարավոր ցեղասպանության ոճրագործներին։ «Դա կլինի ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ճանապարհը», - իր ելույթն ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը։