12.10.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և On Point կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ այսուհետ հնարավոր է վիրտուալ այցելություն կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթանալ խորագրերին ու ցուցադրվող առարկաներին: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլ կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը:
Վիրտուալ ցուցադրության հեղինակներն են Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը, որոնք իրենց նախաձեռնած աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
Հայոց ցեղասպանության թանգարան տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում: Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի, պատերազմական իրավիճակի հետ կապված այցելուների թվերը փոփոխվել են, և վիրտուալ ցուցադրությունների դերը այս պարագայում շեշտակի ավելացել է և կարևորվել:
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ կարող եք «այցելել» ներքևում գտնվող պատուհանի միջոցով և ծանոթանալ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տասնյոթ հիմնական խորագրերի և ուղեկցող բնօրինակ բացառիկ նյութերի (լուսանկարներ, ընտանեկան մասունքներ, փաստաթղթեր, ձեռագիր հուշեր և այլն) միջոցով ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը ծանր կորուստներով վերապրած երեք տասնյակից ավելի ընտանիքների, գերդաստանների պատմություններ:
Վիրտուալ ցուցադրության հեղինակներ Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը