12.11.2022
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները նոյեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նորվեգիայի խորհրդարանաի ներկայացուցիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին նվիրեց գրքեր Հայոց ցեղասպանության մասին: