14.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: