«․․․ Ինչքա՜ն դժվար պետք է լինի հայերի համար, երբ նրանք հանդիպեն իրենց ծնողների, ամուսինների, քույրերի, եղբայրների և երեխաների դահիճներին․․․
․․․ Մի՞թե նրանք նորից չպետք է լցվեն ատելությամբ և վրեժի զգացումով․․․»:
Ֆրանց Էքարտ
19-րդ դարի 90-ական թվականներից մինչև 20-րդ դարի 10-ական թվականների վերջը Բրունո և Ֆրանց Էքարտ եղբայրներն ապրում և աշխատում էին Օսմանյան կայսրությունում։
1897 թ․ քսանչորսամյա Ֆրանց Էքարտը (1873-1919 թթ․), ում Յոհաննես Լեփսիուսը ներգրավել էր միսիոներական գործունեության մեջ, ճանապարհվում է Օսմանյան կայսրություն՝ Ուրֆա քաղաքում աշխատելու։ Մանկավարժական կրթություն ստացած Ֆրանց Էքարտի մեջ Լեփսիուսը տեսնում է առաջնորդի ու կազմակերպչի հատկություններ։ Ուրֆայում ավելի քան քսան տարվա գործունեության ընթացքում Ֆրանցը ղեկավարում է հայ երեխաների համար իր ստեղծած գերմանական որբանոցը և գորգագործական ֆաբրիկան, որտեղ բացառապես հայեր էին աշխատում (1)։
1910 թ․ Բեռլինից Ուրֆա է ժամանում Ֆրանցի կրտսեր եղբայրը՝ Բրունո Էքարտը (1885-1918 թթ․)։ Նա Բեռլինի արվեստների համալսարանի շրջանավարտ էր, արհեստավարժ նկարիչ։ Չնայած տարիքային տասներկու տարվա տարբերությանը՝ եղբայրներին կապում էին ամուր ընկերությունն ու ընդհանուր շահերը։ Գորգագործական ֆաբրիկայում Բրունո Էքարտն անհրաժեշտ էր և՛ իբրև նկարիչ, և՛ իբրև գծագրող (2)։
Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես՝ Ֆրանց և Բրունո Էքարտ եղբայրները, լինելով զինապարտներ, դառնում են գերմանական բանակի սպաներ։
Բրունո Էքարտ և Սաթենիկ Թահմիզյան
Երզնկացի հայերի՝ Նշան և Գայանե Թահմիզյանների ընտանիքում 12 երեխա կար։ Ավագը Սաթենիկն էր։ Երզնկայից Ուրֆա հայերի տեղահանության ճանապարհը Սաթենիկն անցնում է այնպիսի տանջանքներով ու տառապանքներով, որ երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարում՝ Եփրատը նետվելով, սակայն, բարեբախտաբար, նրան փրկում են։ Ուրֆայում Սաթենիկը, ինչպես և ուրիշ շատ հայեր, ապաստան են գտնում Էքարտների գորգագործական ֆաբրիկայում, որտեղ Սաթենիկը ծանոթանում է Բրունո Էքարտի հետ․ 1915 թ․ նրանք ամուսնանում են (3)։
1918 թ․ ամռան սկզբին իր եղբոր կնոջ և նրանց երեխայի ապահովության համար Ֆրանց Էքարտը հղի Սաթենիկին Հալեպ է ուղարկում, որտեղ էլ ծնվում է Սաթենիկ Թահմիզյանի և Բրունո Էքարտի դուստրը՝ Աղավնին։
Բրունոն սպանվում է 1918 թ․ ամռանը Պաղեստինի սահմանին․ ռազմաճակատ մեկնելուց առաջ նա Սաթենիկին է փոխանցում հայկական ձեռագործ անձեռոցիկների ալբոմները՝ ասելով․ «Խնամքով պահպանի՛ր սրանք։ Անհրաժեշտության դեպքում քո ծերությունն ապահովելու և իմ միակ երեխայի համար վաճառի՛ր ամեն ինչ՝ բացի ալբոմներից, քանի որ դրանք անգնահատելի գանձեր են» (4)։
Ամուսնու մահվանից երեք ու կես տարի անց Սաթենիկն ամուսնանում է իր համերկրացի Մանասե Բեզիկյանի հետ, ով ևս Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր իր ամբողջ ընտանիքին։
Էքարտ եղբայրները մեծ հեղինակություն և ազդեցություն ունեին ինչպես հայկական, այնպես էլ թուրքական միջավայրում։ Երբ, սակայն, սկսվում են հայերի կոտորածները, նրանց դիտում են որպես «թուրքական ստոր գործողությունների անցանկալի վկա» (5)։
Հայերն Էքարտների ֆաբրիկայում ունեին և՛ ուտելիք, և՛ հագուստ, և՛ գիշերելու տեղ, և՛ պաշտպանություն։
Բրունո Էքարտի վկայություններն Ուրֆայի
հայերի կոտորածների վերաբերյալ
Բրունո Էքարտի «Իմ վկայությունները Ուրֆայի իրադարձությունների մասին» գիրքը վավերագրական, զուսպ և զգույշ պատմություն է։ Մարդկանց կյանքը չվտանգելու նպատակով՝ հեղինակը ողջ մնացած ոչ մի հայի անուն չի նշում (6):
Հայերի նկատմամբ թուրքերի ատելության մասին Բրունո Էքարտը գրում է․
«Երբ խոսքը վերաբերում էր հայերին, թուրքերի չարությունը սահման չէր ճանաչում։ Իրականում հայ բնակչության մեծ մասը բոլորովին հեռու էր քաղաքականությունից, քանի որ մտահոգված էր հանապազօրյա հացի հոգսերով։ Մենք ձգտում էինք հայերի ուշադրությունը հրավիրել մուսուլմանների վտանգավոր ատելության վրա, և իմ եղբայրն այդ մասին խոսեց հայկական մեծ եկեղեցում հավաքված տղամարդկանց առջև։ Նրանք երախտագիտությամբ էին լսում։ Շատերն էին հոգու խորքում հավատում, որ հզոր Գերմանիան թույլ չէր տա ոչ մի հալածանք» (7)։
Բրունո Էքարտը, ականատես լինելով հայերի զանգվածային սպանություններին Ուրֆայում, հաղորդում է․
«... Ամբողջ քաղաքում կանանց և երեխաների դիակներ էին օրերով ընկած։ Նողկալի հոտն ապականել էր օդը։ Կառավարությունը մի քանի սայլ էր վարձել, որոնք ամեն օր՝ առավոտից երեկո, զբաղված էին քաղաքից դիակներ դուրս հանելով։ Սարսափելի տեսարան էր այդ սայլերը տեսնելը՝ դրանք լցված էին կիսամերկ դիակներով։ Հայկական եկեղեցու այգում եղբայրական գերեզմաններ էին փորել» (8)։
Հեղինակը ցավով է գրում հասարակաց տան վերածված հայերի սրբավայրի՝ առաքելական եկեղեցու մասին․
«... Սպաները, ոստիկանները, ժանդարմներն անվերջ ներս ու դուրս էին անում։ Մոտակայքում գտնվող տների բնակիչները գիշերները հաճախ սուր ճիչեր էին լսում սպանված վարդապետի սենյակից։ Ժանդարմները հսկում էին եկեղեցու գլխավոր մուտքը, որ ոչ մի հայ չկարողանա մտնել եկեղեցի։ Հարևան տներից տեսանելի էր, թե ինչպես թուրքերը հայկական եկեղեցում ընտրում էին գեղեցիկ աղջիկների ու կանանց և գիշերը նրանց քարշ տալիս իրենց տները․․․ » (9)։
Կանանց ու երեխաների ողբերգական ճակատագրի մասին Բրունո Էքարտը հաղորդում է․
«Քաղաքից դուրս գալիս հայ կանայք ողբալով իրենց փոքրիկներին տալիս էին մուսուլման կանանց, մյուսներն իրենց կրծքի երեխաներին դնում էին ճամփեզրին․․․ Ես տեսա, թե ինչպես ժանդարմը հրացանի խզակոթով խփում էր հիվանդ, կաղ երիտասարդ կնոջ մեջքին։ Իմ զայրացած աղաղակին՝ ամոթ չէ՞ իրեն, նա կոպիտ պատասխանեց․ «Նրանք բոլորը պետք է մեռնեն»․․․» (10)։
Բրունո Էքարտի հայտարարությունը՝ ի պաշտպանություն
«Մասբանե (11)»-ի չորս հարյուր յոթանասուն հայի
«Սեպտեմբերի քսանիննին ավելի շատ կանայք և տղամարդիկ էին փորձում թաքնվել ֆաբրիկայի տարածքում, բայց տեղ չկար,- հաղորդում է Բրունո Էքարտը,- բայց ես պետք է հսկեի, որ զինված տղամարդիկ չներխուժեն ֆաբրիկա։ Ճշգրիտ հաշվարկով ֆաբրիկայում հայերի թիվը չորս հարյուր յոթանասուն էր, մեծամասնությունը կանայք և երեխաներ էին։ Հենց նույն օրը, կեսօրից հետո, ֆաբրիկայում մի պահ խուճապ սկսվեց։ Տղամարդիկ կայծակնային արագությամբ մտան անկյունները, կանայք և երեխաները գոռում և օգնություն էին խնդրում։ Ես հասա այն պահին, երբ մի քանի թուրք փորձում էին հարևան տան քարե ցանկապատից մտնել «Մասբանե»։ Պատուհանի մոտ կանգնած, պատրաստ պաշտպանվելու՝ ես գոռացի բաշիբոզուկներին (անկանոն զորքի զինվորներին)․
«ԱՅՍՏԵՂ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ (ընդգծումը մերն է՝ Թ․Մ․)»․․․ » (12)։
Հետաքրքիր են հատկապես Բրունոյի վերջին տպավորություններն ու ապրումները․
«Երբ քայլում ես հայկական դատարկված թաղամասում և տեսնում ավերածությունները, մինչև մերկ պատերը կողոպտված տները, չես կարողանում հեռացնել քեզնից այն դառը միտքը, որ հայ բնակչությունը՝ գրեթե քսան հազար հոգի, թուրքերի ագահության զոհ է դարձել․․․ Մենք հետո իմացանք, թե ինչու էին այդպիսի հազվագյուտ ջանասիրությամբ հավաքել բոլոր տպագիր ու ձեռագիր թղթերը․․․ » (13)։
Թեհմինե Մարտոյան
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման
բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
----------------------------
1. Բրունո Էքարտ, «Իմ վկայությունները Ուրֆայի իրադարձությունների մասին», Ե․, Նահապետ, 2018, 63:
2. Նույն տեղում, էջ 64:
3. Նույն տեղում, էջ 65:
4. Նույն տեղում, էջ 66-67:
Ռումինիայից հայրենիք ներգաղթած Սաթենիկ Բեզիկյանը 1956 թ․ Հայաստանի պետական պատկերասրահին (այժմ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ) նվիրում է Ուրֆայի ասեղնագործության դպրոցի՝ իրեն պատկանող երկու հարյուր երեսունութ գծագիր-նմուշներից կազմված երկու ալբոմ՝ թողնելով նաև գրավոր վկայություն, որի համաձայն՝ «հայ ժողովրդական այդ ինքնուրույն արվեստի տարբեր նմուշները» հավաքել և ընդօրինակել է իր ամուսինը՝ գերմանացի նկարիչ Բրունո Էքարտը։
5. Նույն տեղում, էջ 68:
6. Նույն տեղում, էջ 69:
7. Նույն տեղում, էջ 76:
8. Նույն տեղում, էջ 86-87:
9. Նույն տեղում, էջ 87։
10. Նույն տեղում, էջ 94:
11. Ուրֆայի գորգագործական ֆաբրիկայի անվանումը։
12. Նույն տեղում, էջ 89:
13. Նույն տեղում, էջ 103-104:
Բրունո Էքարտն Ուրֆայում
Ֆրանց Էքարտը հայկական որբանոցի սաների հետ
Սաթենիկը և դուստրը՝ Աղավնին
Աղավնին՝ Բրունոյի և Սաթենիկի դուստրը