13.01.2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը, շարունակելով համագործակցել On Point կազմակերպության հետ, առցանց հարթակում ներկայացնում է ևս մեկ ժամանակավոր ցուցադրություն
«Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով: Այցելելով ՀՑԹԻ կայքէջ հնարավոր է «վիրտուալ շրջայց» կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներից մեկը և առցանց տիրույթում տեսնել բացառիկ ցուցանմուշներ, շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլև պատկերը խոշորացնելով կարդալ հիմնական տեքստերը, բացատրագրերը, զննել ցուցանմուշները:
Վերոնշյալ ցուցադրությունը թանգարանում ներկայացած է լինելու մինչև 2022 թ. ապրիլի 23-ը, իսկ վիրտուալ տարբերակով այն հասանելի է կլինի մշտապես:
Նախաձեռնության հեղինակները Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանն են, ովքեր իրենց աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
Հայոց ցեղասպանության թանգարան տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում: Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ կապված այցելուների թվերը փոփոխվել են, և վիրտուալ ցուցադրությունների դերը այս պարագայում շեշտակի ավելացել է ու կարևորվել:
Հայոց ցեղասպանության թանգարանի «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ժամանակավոր ցուցադրությանը կարող եք ծանոթանալ անցնելով ներքևում տեղադրված հղումով:
Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Այն ներկայացված է հինգ պանելներով, որոնք անդրադառնում են`
1. Հայկական պահանջատիրության էությանը, ձևավորմանը և փուլերին,
2. «Լքյալ գույքի» մասին օրենքներին և դրանց իրավական զարգա-ցումներին ողջ 20-րդ դարի ընթացքում, այսինքն, ոչ միայն սուլթանական, այլ նաև նրան շարունակող պետության՝ հանրապետական Թուրքիայում, ընդհուպ մինչև 21-րդ դար,
3. 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած հատուցման պահանջներին,
4. Հայկական պահանջատիրության փաստաթղթային հենքերին՝ անհատ քաղաքացիների և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերին,
5. Հայկական պահանջատիրության «սահմաններին»՝ պետության/ իշխանությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումներին։
Կալվածագրերի մի մասն օսմանահպատակ հայ քաղաքացիների մասնավոր ունեցվածքի՝ տան, այգու, արտի, մարգագետնի, ջրաղացի, գործարանի, լուսանկարչատան սեփականության վավերագրեր են, մյուս մասը՝ հայկական համայնքապատկան կալվածքների՝ վանական համալիրներին, եկեղեցիներին պատկանող կալվածքների սեփականության փաստաթղթեր: Չնայած այդ հաստատությունների մեծ մասն այսօր պարզապես գոյություն չունի, սակայն ներկայացված վավերագրերը վկայում են դրանց երբեմնի գոյության և հայկական պատկանելության մասին:
Ներկայացված վավերագրերը, որոնք թվագրվում են 1872 թվականից մինչև 1912/13 թվականները, Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների՝ մասնավոր և ազգապատկան երբեմնի ունեցվածքի փաստացի վկայություններն են:
Վիրտուալ ցուցադրության հեղինակներ Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը