13.01.2023
ՀՀ ԱԺ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Տիկին Յաել Բրաուն-Պիվեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Յաել Բրաուն-Պիվեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և տիկին Յաել Բրաուն-Պիվեն քննարկեցին նաև Ֆրանսիայի մասնագիտական թանգարաններից մեկում Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրության կազմակերպման հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի ԱԺ նախագահին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից, այդ թվում 2020 թ. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը: