13.05.2022
Միջազգային գիտաժողովի մասնակիցները, կարևորելով անցյալի փորձառության վերարժևորումն ու Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը՝
- պատմական հիշողությունը պահպանելու և տարիքային տարբեր խմբերին համապատասխան մեթոդաբանությամբ ավանդելու,
- հայկական ինքնության հիմնական տարրերը բյուրեղացնելու,
- Հայոց ցեղասպանության դասերին տիրապետող պատասխանատու քաղաքացի դաստիարակելու,
- Հայոց ցեղասպանության հիշողության հարցում հանրության արժեքային կողմնորոշումները հստակեցնելու, անցյալի և ներկայի արժեքները համադրելու,
- հիշողության մեջ առկա բարդույթները և տրավմատիկ երանգները հաղթահարելու, դրանց զգացմունքային տարրերն ինքնության արժեքային պատկերացումների հետ կապելու, Հայոց ցեղասպանության դասերից նաև դրական լիցքեր քաղելու,
- աշակերտների և ուսանողների քննական մտածողության ձևավորման նկատառումներով,
անհրաժեշտ են համարում
«Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» դասընթացի կազմումը և դասավանդումը հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում՝
ընդգծելով.
1. Օսմանյան կայսրությունում ձևավորված բռնության մշակույթը (կոտորած, էթնիկ զտում, ձուլում, տեղահանություններ) որպես հետագա ցեղասպանությունների նախադրյալ․
2. Ոճրագործ կողմի գաղափարախոսությունը՝ թուրքիզմը (պանթուրքիզմը), զուգահեռներ տանելով նացիզմի և ցեղասպանության հանգեցրած ծայրահեղական այլ գաղափարախոսությունների հետ․
3. Հայոց ցեղասպանության տարիներին հայերի զինված դիմադրությունը, ազատատենչության և քաջության դրսևորումները․
4. Ոչ զինված դիմադրության ձևերը և զոհերի գործադրած փրկության և հայապահպանության բարդ մեխանիզմները․
5. Զոհերին և վերապրողներին փրկելու, մասնավորապես «մեկ հայ մեկ ոսկի» կարգախոսով ազատագրման առաքելությունը, ինքնօգնության ցանցերի հիմնումը, հայկական կազմակերպությունների, եկեղեցու և առանձին անհատների հումանիտար գործունեությունը․
6. Ազգային (հայկական սփյուռքի ձևավորումը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը) և անհատական մակարդակներում (վերապրածի փորձառությունը) ցեղասպանությունը վերապրելու երևույթը․
7. Ցեղասպանությունների իրավական դատապարտումը, այդ հանցագործությանն առնչվող միջազգային իրավական դրույթները, միջազգային ճանաչումը, հնարավոր փոխհատուցումների (ռեպարացիա) ձևերը, ցեղասպանության հանցագործությունները քննած ատյանների պատմությունը և փորձը՝ այդ կերպ նպաստելով Հայոց ցեղասպանության պատասխանատվության և հատուցման մասին իրավական ճանաչողության բարձրացմանը,
8. 20-րդ դարի այլ ցեղասպանությունների՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր գծերի քննությունը, որը հիմք կստեղծի երևույթի ճանաչողության, ցեղասպանության կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի համար․
9. Անհատի փորձառությունը ցեղասպանության տարիներին և անհատական ընտրությունները տարբեր իրավիճակներում՝
օգտագործելով սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող տարբեր նյութեր (փաստաթղթեր, վերապրածների և ականատեսների վկայություններ, հուշագրություններ) Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և համամարդկային խնդիր համապարփակ և արդիական մեթոդաբանությամբ ներկայացնելու նպատակով։