Հուլիսի 9-ից 10-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» թեմայով երկօրյա ամառային դպրոց հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին մասնակցում էին հանրակրթական և ավագ դպրոցի պատմության երեսուն ուսուցիչներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:
«Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները»,- նշում է ծրագրի համակարգող, ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը:
Ամառային դպրոցի աշխատանքները մեկնարկվեցին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ողջույնի խոսքով:
Ամառային դպրոցի առաջին օրը դասախոսեցին բ.գ.դ., ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանը
«Հայոց ցեղասպանության դասավանդում. դիտարկումներ, մոտեցումներ, մեթոդներ», ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը
«Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. որոշ իրավական հիմնահարցեր», Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը
«Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական միջոցներ», ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյան
«Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները», Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատող, պ.գ.թ. Էլինա Միրզոյանը
«Հրանտ Դինքը և Հայոց ցեղասպանությունը», Կրթական ծրագրերի բաժնի գիտական աշխատող Ռեգինա Գալուստյանը
«Երիտթուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմաներով:
Ամառային դպրոցի երկրորդ օրը դասախոսեցին ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը
«Հայկական «Նեմեսիսը» գործողության մեջ», թանգարանային աշխատանքի գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը
«Թանգարանային էքսկուրսիան համակցված ութերորդ դասարանից բարձր աշակերտների դպրոցական գիտելիքներին. տեսություն և պրակտիկա», Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանն
«Առանձին պատմությունների, տեսաձայնագրությունների կիրառումը և դրանց դերը Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեջ», հոգեբան Արմինե Վահանյանը
«Ցեղասպանություն.սոցիալ-հոգեբանական դիտարկումներ» թեմաներով:
Երկրորդ օրվա զեկուցումներն ամփոփվեցին ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի
«Ինչպե՞ս հիշել ցեղասպանությունը» դասախոսությամբ:
Ուսուցիչներին հնարավորություն տրվեց նաև լրացնել «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր ամառային դպրոցի գնահատման հարցաթերթիկ, որի արդյունքները քննելուց հետո ՀՑԹԻ կկարողանա առավել արդյունավետ և դիտակտիվ դասընթացներ կազմակերպել ուսուչիցների համար: Այդ հարցաթերթիկների արդյունքները ցուցիչներ են, որոնք անպայման հաշվի կառնվեն:
Ուսուցիչներն այն հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում ապագա համագործակցությունը թանգարանի և դպրոցի միջև, գրեթե միաձայն պատասխանել են, որ նախ կարևորում են ամառային դպրոցների դերը, վերադառնում են դպրոց հարստացած և լրամշակված գիտելիքներով, հստակ ձևավորված գործողությունների պլանով, երկրորդ՝ առավել ինտենսիվ կազամակերպել այցեր, էքսկուրսիաներ դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, թանգարան, հաճախակի օգտվել ՀՑԹԻ տրամադրած նյութերից՝ գրադարանի, կայքէջի, գիտական հանդեսների, դասախոսությունների միջոցով:
«Թանգարանային կուլտուրան պետք է աշակերտի մեջ դաստիարակել դեռ վաղ տարիքից, շատ մեծ է ուսուցչի դերը, շատ ցանկալի է տեսնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, աշխատակիցներին դպրոցներում, դպրոցականների համար նույնպես կազմակերպեք դասընթացներ»,- գրում են ուսուչիցները:
Կրթական ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին ստացան հավաստագրեր: Նրանց հետ կապն ու աշխատանքը շարունակական կլինի, բոլոր մասնակիցները և նրանց դպրոցներն ընդգրկված կլինեն ՀՑԹԻ կողմից մշակվող ու կազմակերպվող տարաբնույն գիտակրթական ու գիտամշակութային ծրագրերում ու միջոցառումներում:
Մասնակից ուսուցիչներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հնարավորություն ստացան արդեն ստացած տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ:
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր ուսուցիչների համար ամառային դպրոցի կազմակերպումը հնարավոր էր դարձել ՀՀ մշակույթի նախարարության 2019 թ. հայտարարված դրամաշնորհային ծրագրի Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ անվանակարգում հաղթելու շնորհիվ:
Հետագա ֆինանսավորման դեպքում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կկարողանա ընդարձակել իր կրթական ծրագրերի շրջանակները՝ հնարավորություն ունենալով կազմակերպել գիտակրթական ամառային դպրոցներ և սեմինարներ ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, սփյուռքի հայ երիտասարդների, լրագրողների, զբոսավարների համար: