13.07.2023
Հուլիսի 8-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում «Խորհրդային իշխանութիւնն ու Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրը (Պատմագիտական գնահատականներու հոլովոյթը, 1920-1991)» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան, հայագետ, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Սանջյանը։
Մինչ բանախոսության մեկնարկը ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Նա հակիրճ ներկայացրեց Արա Սանջյանի գիտական կենսագրությունը և նշեց, որ ուրախ է նրան հյուրընկալելու համար:
Բանախոսության ընթացքում Արա Սանջյանը ժամանակագրորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդային իշխանությունների ունեցած դիրքորոշումները և դրանք ձևավորող գործոնները: Բանախոսը նշեց, որ խորհրդային իշխանությունները, հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո, առավել մեղմ քաղաքականություն սկսեցին վարել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման և ոգեկոչման նկատմամբ: Ընդհանրապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված էր նաև ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերություններով, բայց, ինչպես բանախոսը նշեց, երբեմն նկատվում էին «հոսանքին հակառակ» երևույթներ, մասնավորապես՝ Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա Մասիսների պատկերումը, կառուցվող նոր ավանները Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի անուններով կոչելը և այլն: Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի համազգային ոգեկոչումից և հուշահամալիրի կառուցումից հետո հաջորդ մեծ ազգային զարթոնքի՝ Ղարաբաղյան շարժման տարիներին Հայոց ցեղասպանության թեման նորից եկավ առաջին պլան: Խորհրդային Ադրբեջանի իրականացրած հայկական կոտորածները իրենց իրականացման ձևերով և մեթոդներով հիշեցնում էին դարասկզբի թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Արա Սանջյանը ներկայացրեց նաև խորհրդային պատմագիտական և գեղարվեստական գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման ընթացքը:
Բանախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Հանդիպման ավարտին Արա Սանջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար: